Կադաստրի կոմիտեն թվայնացնում է հանրության գերակա շահով օտարվող գույքի գրանցման գործընթացը

 Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության նիստի  չզեկուցվող նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմինները, նոտարները, դատարանները և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կադաստրի կոմիտե կներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախագծի նպատակն է արագացնել գրանցման գործընթացը, նվազեցնել վարչարարական բեռը և ապահովել միասնական ու թափանցիկ ընթացակարգ։  

Իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի
23-ի N 243-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 11-ի ՀՕ 28-Ն օրենքի և
ՀՀ վարչապետի 2026 թվականի մայիսի 7-ի N 416-Ա որոշման ընդունմամբ։

   Նշված իրավական ակտերով սահմանվել են նոր իրավակարգավորումներ, որոնց գործնական կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգային լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված լիազոր մարմինը, նոտարը, դատարանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նույն հոդվածով սահմանված փաստաթղթերը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով: Նշված կարգավորման իրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել
ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի որոշման «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ։ Գործող կարգավորումներով Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու ընթացակարգերը։

   Նախագծով առաջարկվում է Որոշման համապատասխան ընթացակարգային դրույթներում կատարել լրացումներ՝ նախատեսելով, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված լիազոր մարմինը, նոտարը, դատարանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով։

   Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքով սահմանված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործնական կիրառման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ընթացակարգային հիմքը։

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պատշաճ և ամբողջական իրացումը։

   Մասնավորապես՝ կսահմանվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը։

   Նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացմանը, թղթային ընթացակարգերի կրճատմանը, իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացների արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։

   Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացում ներգրավված մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման միասնական և կանխատեսելի ընթացակարգ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և բացառելով փաստաթղթերի ներկայացման ոչ միասնական պրակտիկան։

  • Նախագծիընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
  • Նախագիծըմշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  • Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծերի ընդունումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության 2019 դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման 1-ին կետի 1-ին եթակետով հաստատված N 1 հավելվածի 2.6-րդ կետից և նույն որոշման 1-ին կետի
3-րդ եթակետով հաստատված N 3 հավելվածի 3.14-րդ գործողության կատարման անհրաժեշտությունից: Նշված դրույթներով կարևորվում է սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքների ամրապնդումը, այդ թվում՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացներում անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը։

   Բացի այդ, Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»
N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող՝ ցանկի 10-րդ կետում սահմանված «Առցանց, ինքնաշխատ, անշարժ գույքի կադաստրի ներդրում» նպատակ հանդիսացող միջոցառման, 10.2-րդ ենթակետում սահմանված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման  ընդունում» միջոցառման ակնկալվող արդյունք հանդիսացող «Օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ Կադաստրի կոմիտեի և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով» միջոցառման պահանջներից:

Leave a Comment