Կանգ չենք առնի, մինչև հայ գերիները չվերադառնան. ANCA-ի ղեկավար – armeniatoday.am

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից հայ գերիների վերաբերյալ աջակցությունը կարևոր ձեռքբերում է անվանել, սակայն ընդգծել է, որ «առջևում դեռ երկար ճանապարհ կա»։

«Մենք կարևոր քայլ ենք կատարել, բայց առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Չենք կանգնելու, քանի դեռ մեր պատանդները չեն վերադարձել տուն»,- հայտարարել է Համբարյանը։

Նա նշել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումն ամերիկացի օրենսդիրներին հայ գերիների իրավիճակի մասին տեղեկացնելու ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունք է։

«Ձեր շնորհիվ Կոնգրեսի անդամները հասկանում են, թե ինչ է անհրաժեշտ իրական խաղաղության համար։ Ադրբեջանի կողմից պատանդների ազատ արձակումը միջազգային իրավունքի համաձայն բազային պարտավորություն է, խաղաղության առանցքային պահանջ և անհրաժեշտ պայման, այլ ոչ թե Հայաստանից նոր միակողմանի զիջումներ ստանալու համար Ադրբեջանի ճնշման գործիք»,- հայտարարել է ANCA-ի ղեկավարը։

Համբարյանը նաև նշել է արցախցի փախստականների անվտանգ վերադարձի ապահովման, Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման, ինչպես նաև հայկական ժառանգության և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության անհրաժեշտությունը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը հուլիսի 23-ին աջակցել էր այն փոփոխությանը, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Նախաձեռնությանը կողմ էր քվեարկել հանձնաժողովի 44 անդամ, դեմ՝ 7-ը։

Leave a Comment