Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով։
Սահակյանի խոսքով՝ գերիների ընտանիքներից ստացվող տեղեկությունները վկայում են նրանց առողջական վիճակի շարունակական վատթարացման մասին։ Նրա փոխանցմամբ՝ առանձին դեպքերում ստացվել են այնքան լուրջ ահազանգեր, որ եթե դրանք հաստատվեն, կարող են կյանքի հետ անհամատեղելի լինել։ Իրավապաշտպանը նշել է, որ խոսքը նաև կոտրվածքների մասին է, իսկ դրանց պատճառների վերաբերյալ հստակ տվյալներ չկան, թեև որոշ դեպքերում չի բացառվում բռնության կամ այլ միջամտության հնարավորությունը։
Գերիների հարազատները ևս պնդում են, որ տարիներ շարունակ ադրբեջանական բանտերում պահվող հայերի առողջական վիճակը օրեցօր վատանում է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք հրաժարվում են հրապարակային ներկայանալ, սակայն պատմում են, որ հեռախոսազրույցների ընթացքում իրենց հարազատները դժգոհում են առողջական խնդիրներից և բժշկական օգնության բացակայությունից։
Ընտանիքների խոսքով՝ դատավարություններից հրապարակվող տեսանյութերը ևս մտահոգիչ պատկեր են ներկայացնում։ Նրանք նշում են, որ նախկինում առողջ տղամարդիկ զգալիորեն նիհարել և հյուծվել են, իսկ որոշ դեպքերում տեսանելի են նաև վնասվածքների հետևանքներ, այդ թվում՝ կոտրված կամ բացակայող ատամներ։
Մեկ այլ գերու հարազատ հայտնել է, որ վերջին հեռախոսազրույցի ընթացքում իր հարազատն ասել է՝ բոլոր գերիներն են բողոքում առողջական խնդիրներից։ Նրա խոսքով՝ ոմանք դժգոհում են սրտի, մյուսները՝ գլխի խնդիրներից, և ընդհանուր առմամբ իրենց անտեսված են զգում։
Նման ահազանգեր ավելի վաղ հնչեցրել էր նաև արդեն վեց տարի Ադրբեջանում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինը՝ նշելով, որ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։
Ըստ հարազատների՝ ներկայում Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի, որոնց մի մասը կալանքի տակ է շուրջ վեց, մյուս մասը՝ մոտ երեք տարի։ Նրանց փոխանցմամբ՝ գերիները զրկված են լիարժեք բժշկական զննում և բուժօգնություն ստանալու հնարավորությունից։
Սիրանույշ Սահակյանը նշում է, որ գերիների առողջական վիճակի վերաբերյալ անկախ և օբյեկտիվ տվյալներ ստանալ հնարավոր չէ, քանի որ միջազգային կառույցների միջնորդությամբ անկախ բժիշկների մուտքը նրանց մոտ ապահովված չէ։ Այդ պատճառով ընտանիքներից ստացված բոլոր տեղեկությունները փաստագրվում և փոխանցվում են համապատասխան միջազգային կառույցներին՝ միջամտության և դիվանագիտական քայլերի ակնկալիքով։
Իրավապաշտպանի խոսքով՝ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանը պարտավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացնել հաշվետվություն հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի վերաբերյալ։ Ստացված բժշկական փաստաթղթերը կհամադրվեն ընտանիքներից ստացվող տեղեկությունների հետ։
Նա նաև ընդգծում է, որ թեև Եվրոպական դատարանը չի կարող պարտադրել Ադրբեջանին թույլատրել անկախ բժիշկների մուտքը, այն պարտավորեցրել է Բաքվին ապահովել գերիների առողջությունն ու անձեռնմխելիությունը և ձեռնպահ մնալ նրանց կյանքը վտանգող ցանկացած գործողությունից։ Այդ նպատակով էլ դատարանը պահանջել է ներկայացնել գերիների բժշկական փաստաթղթերը։
Մինչ այդ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել էր, թե բանաձևում տեղ գտած մեղադրանքներն անհիմն են և այն գնահատել էր որպես Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշման փորձ։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։