Հուլիսի 22֊ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնվել Սև Բերդն օտարելու վերաբերյալ գործը, որը քննվել է Քննչական կոմիտեում։ Գործով որպես մեղադրյալ ներգրավված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համաձայն, Սերժ Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն’ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն’ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել Նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ Նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագեր, անտեսել է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 147 և 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումների պահանջները և ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները’ օտարել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի «Սև Բերդ» ամրոցը և հարակից հողատարածքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309֊րդ հոդվածի 3֊րդ մասով և 441֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետով։
Գործը դատարան ստացվելու օրը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Վերջինիս կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշման մասին տեղեկություններ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չեն։