Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործող կարգը և հաստատել նոր ընթացակարգ։ Նախագծով նախատեսվում է հստակեցնել տնօրենների մրցութային ընտրության, թափուր պաշտոնների համալրման, թեկնածուների ներկայացվող փաստաթղթերի և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ պահանջները։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հունիսից ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետև՝ ՄԿՈՒ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «Պետական մասնագիտական ուսումնական հաստատության (ՄՈՒՀ-ի) տնօրենի մրցութային ընտրության կարգը» հաստատելու Կառավարության լիազորությունը ապահովելու նախապայմանով, ինչպես նաև նույն օրենքի 26-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածների դրույթներին համապատասխան՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքերը և այն համալրելու գործընթացը սահմանելու նպատակով։ Սույն ենթաօրենսդրական ակտի ընդունումը ուղղակիորեն բխում է ՄԿՈՒ օրենքի պահանջներից, ինչպես նաև նախատեսված է ՄԿՈՒ օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն ընդունված՝ ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Վարչապետի 10 հոկտեմբերի 2024 թվականի N 914-Ա որոշման հավելվածի 6-րդ կետով։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
1) Ներկայումս գործող կարգի անվանումը և բովանդակությունը նախատեսված է պետական ուսումնական հաստատության երկու տարբեր տեսակների՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության և թափուր տեղը համալրելու ընթացակարգերը սահմանելու համար։ Կարգը կիրառելի է միայն ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, պետական թչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ՄՈՒՀ-երի համար:
Առաջարկվող նախագծով կարգը համապատասխանեցվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի պահանջների և վերանվանվել է «Պետական մասնագիտական ուսումնական հաստատության (ՄՈՒՀ-ի) տնօրենի մրցութային ընտրության կարգը», ինչպես նաև այն կարող է կիրառվել հանրային ՄՈՒՀ-ի տնօրենի, ինչպես նաև միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված պետական ՄՈՒՀ-ի տնօրենի նկատմամբ, եթե այդ մասին ուղղակիորեն սահմանված է ՄՈՒՀ-ի և հիմնադիր կազմակերպության կանոնադրությամբ ու հիմնադիր պայմանագրով։
2) Գործող կարգով տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքերն ըստ էության սահմանված չեն, սակայն մրցույթ հայտարարելու դեպքերի և ժամկետների դիտարկումից հետևում է երկու նախապայման՝ 1) հաստատության տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ և 2) այլ պատճառներով հաստատության տնօրենի թափուր տեղ առաջանալուց հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում: Գործող կարգի խնդիրն այն է, որ գործնականում տարբեր կերպ է կիրառվել առնվազն երեք ամիս ժամկետը, ինչպես նաև խիստ անորոշ է այլ պատճառներով ձևակերպումը։
ՄԿՈՒ օրենքով և առաջարկվող նախագծի 4-րդ կետով սահմանվել և հստակեցվել են տնօրենի տեղը թափուր մնալու դեպքերը և մրցույթ հայտարարելու ժամկետները։ Դրա համար հիմք է ընդունվել ՄԿՈՒ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ մասերի դրույթներով տնօրենի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու հանգամանքները, և 26-րդ հոդվածով սահմանված տնօրենի մրցույթին մասնակցելու սահմանափակումները, որոնցով պայմանավորված տնօրենի պաշտոնը կարող է թափուր մնալ։
3) Առաջարկվող կարգի նախագծի 13-րդ կետով հստակ սահմանվել է տնօրենի թափուր տեղի մրցութային ընտրությունը հայտարարելու ժամկետներ՝ լրացուցիչ դիտարկելով նաև մեկ դեպքը, որը մշտապես առաջացել է, բայց միանշանակ չի կիրառվել։ Դեպքերն ու ժամկետները հետևյալն են՝
ա) նոր ստեղծված պետական կամ հանրային ՄՈՒՀ-ի դեպքում՝ այն ստեղծվելու և Խորհուրդ ձևավորելուց հետո՝ մինչև 10 (տասն) աշխատանքային օրվա ընթացքում,
բ) Տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից ոչ շուտ, քան 3 և ոչ ուշ, քան 2 ամիս առաջ.
գ) առաջարկվող կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմնավոր պատճառ առաջանալու դեպքում՝ թափուր տեղ առաջանալուց հետո՝ ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում։
4) Հաշվի առնելով սույն հիմնավորման 2-րդ և 3-րդ կետերի փոփոխությունը, կարգի նախագծով լրացվել է տնօրենի թեկնածուի դիմումի փաթեթի փաստաթղթերի ցանկը։ Մասնավորապես՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը սահմանափակող հանգամանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ իրավասու մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև նախկինում տվյալ տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարելու կամ դադարեցնելու հիմքերի վերաբերյալ հայտարարությունը։
5) Առաջարկվող կարգի նախագծի 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվում է նաև ՄՈՒՀ-ի տնօրենի թեկնածուի ՄՈՒՀ-ի հինգ տարվա զարգացման ծրագրի պարզեցված ձևաչափը, քանի որ դա ըստ էության համարվում է տվյալ թեկնածուի ռազմավարական տեսալականը, իսկ պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, հաստատման և այդ ծրագրի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման կարգի հաստատումըՄԿՈՒ օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է կառավարությանը։
6) Ցանկացած թեկնածուի համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով կարգի նախագծի 17-րդ կետով սահմանվել է ՄՈՒՀ-ի գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և տվյալներ ստանալու համար, ինչպես նաև ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների և ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունն ապահովելու պայմանը և դիմումում նշված փաստաթղթերը տվյալ ՄՈՒՀ-ի ղեկավարության կողմից տրամադրելու կամ հանդիպումների կազմակերպման ժամկետները։ Այս դրույթով պայմանավորված նախագծում փոփոխվել է խորհրդի կողմից դիմումը և փաթեթը ուսումնասիրելու նաև մրցույթն անցկացնելու ժամկետները՝ այն սահմանելով փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո ՝ տասներորդ աշխատանքային օրը (ներկայիս 7-րդ աշխատանքային օրվա փոխարեն)։
7) Առաջարկվող կարգի նախագծով միասնականացվել է խորհրդի նիստը չկայանալու, տնօրենի թափուր տեղի համար մրցույթ չկայանալու կամ 2 և ավելի թեկնածուի հավասար ձայների կամ դրական արդյունքի դեպքում կրկնակի քվեարկության ժամկետները։
Ակնկալվող արդյունքը
Սույն կարգի նախագծի ընդունումով կապահովվի ՄԿՈՒ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 22-րդ հոդվածի 4-րդ մասի, 24-րդ և 25-րդ հոդվածների դրույթների իրագործումը, կկազմակերպվի «Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրության» 5-րդ բաժնով սահմանված խորհուրդների ձևավորման աշխատանքները՝ ըստ ժամանակացույցի և հաստատությունների։
Նախագիծը հանդիսանում է ՄԿՈՒ նոր օրենքով նախատեսված կորպորատիվ կառավարման մոդելի գործնական իրագործման առանցքային գործիքներից մեկը և ստեղծում է իրավական հիմք՝ ձևավորելու մասնագիտական, անկախ և արդյունավետ խորհուրդներ, որոնք ունակ կլինեն իրականացնել քոլեջների ռազմավարական կառավարում և ապահովել համակարգի որակական զարգացման շարունակականությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Սույն կարգի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստորաբաժանումների, ինչպես նաև ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրենների, սոցիալական գործընկերների և անկախ փորձագետների մասնակցության ձևավորված աշխատանքային խմբի կողմից։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապահովվի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի՝ 1-ին բաժնի «Կրթության համակարգի արդյունավետություն» ենթաբաժնի 44-րդ մասի և 82-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Նախնական և միջին մասնագիտական կրթության» բաժնի 2-րդ նպատակի 2.2.2-րդ միջոցառումը, այն է. «ՆՄՄԿ հաստատությունների՝ մասնավոր ոլորտի հետ համատեղ կառավարման ձևաչափերի ներդրում»։ (տես ՀՀ Կառավարության 16.03.2023թ. թիվ 351-Լ որոշումը), – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։