Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Տեղի ունեցավ Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից։
– Բեկումնային պահ չի կարելի ակնկալել։ Կողմերը դեռևս ունեն խոր տարակարծություններ հակամարտության շուրջ։ Դիվանագիտական ճանապարհները բաց են մնում, երկխոսության ուղին փորձում են բաց պահել ընդհանրապես գլոբալ անվտանգային խնդիրների շուրջ։
– Նշվեց, որ քննարկվել է ռուս-ուկրաինական հարցը, նաև՝ Պարսից ծոցում տիրող իրավիճակը։ Այս հարցերի շուրջ պայմանավորվածությունների սպասե՞նք, թե՞ ոչ։
– Մասնակի պայմանավորվածություններ՝ գուցե, սակայն մեծ համաձայնություն տեսանելի չէ։ Համաձայնությունը ընդամենը դիվանագիտական պատուհանները բաց պահելու շուրջ է։ Անգամ զուտ մարդասիրական բնույթի պայմանավորվածություններ դեռևս չկան, գեթ՝ հրապարակային։
– Ռուս-ուկրաինական ճակատում իրադարձությունների ընթացքը կանգ առնելու, հրադադարի հարցում համաձայնություն ձեռք բերելու հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես, երբ Ուկրաինան ակտիվ գրոհում է ՌԴ-ի վրա։
– Ռազմաճակատներից անցել են արդեն խորքային տարածքներին հարվածելու փուլին։ Կողմերից որևէ մեկը չի ուզում զիջել․ փոխզիջման առանցքը դեռևս չի ձևավորվել։
– Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանի դեմ նոր լայնածավալ հարվածների վերաբերյալ որոշմանը․ սպասե՞նք իրավիճակի թեժացման, թե՞ ոչ։
– Հայտարարություններն ու գետնի վրա արձանագրվող իրադարձությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրար։ Առավել ևս, սպառնալիքների նշաձողը կտրուկ իջնում է՝ նախադեպերը նկատի ունենալով։ Կողմերը, բնականաբար, կշռում են լայնածավալացման ռիսկերն ու վտանգները։ ԱՄՆ-ի համար պրոքսի պատերազմ է, և հատկապես ներառել է արաբական երկրները, որոնք առավելով անհրաժեշտությունն են շոշափում ԱՄՆ-ի անվտանգային պաշտպանվածության։ Չի բացառվում, որ սա ևս նպատակների մաս է կազմում։
– Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակը Իրանի ապամիջուկայնացումն է, ոչ թե ռեժիմի փոփոխությունը․ արդյո՞ք այդպես է, թե՞ կան այլ նպատակներ ևս։
– Հիմնական նպատակը Հորմուզի կարգավիճակի վերափոխումն է՝ իբրև համաշխարհային էներգիայի կարևորագույն ճանապարհների շուրջ ընթացող հակամարտություն։ Այս նպատակից ԱՄՆ-ն չի հրաժարվելու։
Արման Գալոյան
