Սյունիքում ավարտվել է Հայաստան-Իրան երկօրյա համաժողովը, որին մասնակցում էին հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Համաժողովի նպատակը Երևանի և Թեհրանի մոտեցումները համադրելն էր, երկկողմ գործակցության նոր ուղղություններ բացահայտելը, ինչպես նաև գործնական առաջարկություններ մշակելը՝ որոշում կայացնող մարմինների համար:
Հայ-իրանական համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն՝ հաշվի առնելով ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի հետևանքներն ու Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցություն․ այս հարցերն էին Կապանում կայացած հայ–իրանական երկօրյա համաժողովի օրակարգում։ Մասնակիցները՝ հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ, համակարծիք են այն հարցում, որ անհրաժեշտ է Իրանի և Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները հարմարեցնել աշխարհաքաղաքական նոր իրողություններին։ Սյունիքն ու Կապանը պատահական չեն ընտրվել՝ ասում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է մնալ Իրանի ամենահուսալի գործընկերներից մեկը։
«Ընտրելով Սյունիքն ու Կապանը՝ մենք ուզում ենք ցույց տալ, որ Սյունիքը յուրահատուկ ու կարևոր տեղ ունի երկու երկրների փոխհարաբերություններում, կա նաև ռազմավարական նշանակություն։ ՉԷ՞ որ Սյունիքն է Իրանը կապում Հայաստանի հետ։ Հենց այդ պատճառով էլ այս տարածաշրջանը հատուկ ուշադրություն կենտրոնում է։ Իրանի համար կարևոր է ունենալ դիմակայուն Սյունիքի մարզ»։
Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին տարանցիկ փոխադրումների, ապրանքաշրջանառության ցուցանիշներն աճել են, ինչը երկկողմ տնտեսական հետաքրքրվածության ցուցանիշ է։ Խալիլ Շիրղոլամին կարևորում է ենթակառուցվածքների զարգացումն ու ճանապարհների որակի բարելավումը, որը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառության ծավալներն ու արագացնել մաքսային ընթացակարգեըը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար։ Իրանը Հայաստանի համար ոչ միայն առևտրային է, այլև էներգետիկ ու լոգիստիկ կարևոր գործընկեր է։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես ընդգծում է մարզի ռազմավարական նշանակությունը թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար՝ կարևորելով երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնումը՝ մարզի զարգացմանը նպաստելու և նրա դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Հայ-իրանական բարեկամության ասոցացիայի անդամ Ալիռեզա Նազիֆը համոզված է՝ համաժողովի մասնակիցները պիտի անդրադառնան երկու երկրների գործակցության ներուժն ամբողջությամբ բացահայտելուն։
«Ցավով ու ափսոսանքով պիտի նշեմ, որ չնայած հարյուրավոր տարիների բարեկամական ու մշակութային հարաբերություններին, 33 տարվա միջպետական հարաբերություններին, հայկական կողմը բավարար չափով չի ճանաչում Արևելյան Ատրպատական նահանգի ներուժն ու առկա հնարավորությունները։ Մյուս կողմից էլ իրանական կողմը ծանոթ չի ու չի տեսնում Սյունիքի կարողությունները։ Այս տեսլականի վրա, կարծում եմ, պիտի աշխատեն համաժողովի փորձագետները»։
«Ապրի Արմենիա» փորձագիտական կենտրոնի ռազմավարական ու զարգացման կենտրոնի փոխտնօրեն Անահիտ Փիլիպոսյանն այդքան էլ համամիտ չէ իրանցի գործընկերոջ հետ։ «Վերջին 3-4 տարիներին գործակցային հարաբերությունները տեսանելիորեն ակտիվացել են և ներառել նոր ոլորտներ»,-ասում է փորձագետը
«Պիտի քննարկենք նաև, որքան ենք առաջացել ու որ ոլորտում։ Ու ինչպես պարսիկ կողմն է մեզի ասում՝ պատերազմի խոչընդոտներից բացի, հնարավորություններ շատ կան, որոնք պիտի ավելի զարգացնենք»։
Իրանական ընկերությունների մասնակցությամբ է իրականացվում Հյուսիս-հարավ միջազգային ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը։
Համաժողովում քննարկվել են ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում և սահմանային անցակետերի արդիականացման ուղղությամբ իրականացվող նախագծերի շուրջ փորձագիտական տեսակետները։ Գործնական առաջարկներ են ներկայացվել, որոնց արդյունքները, ըստ մասնագետների, տեսանելի կլինեն առաջիկա ամիսների ընթացքում։