
Հուլիսի 26-ին Մոսկվայում աճուրդի է հանվել Այվազովսկու, Ռերիխի եւ մի շարք նշանավոր այլ նկարիչների գործերը՝ շուրջ 1 մլրդ ռուբլի ընդհանուր արժեքով։
Մոսկվայի աճուրդի տան կայքում նշված է, որ կոլեկցիոներները հնարավորություն կունենան մրցել Հովհաննես Այվազովսկու «Յալթայի ափերին նկարի համար։ Այդ օրը պարզ կդառնա, թե մասնակիցները որքան կվճարեն 420 հազար դոլար գնահատված կտավի համար։
Կտավում պատկերված են ծովափը, քաղաքը եւ լեռների ուրվագծերը, որոնց ֆոնին առանձնանում է Սուրբ Հովհան Ոսկեբերանի տաճարը։
Հիմնական լոտերից մեկը Նիկոլայ Ռերիխի «Կուռքերի վայրը» կտավն է։ Այն գնահատվում է 18 միլիոն ռուբլի։ Փորձագետների գնահատմամբ՝ պաստելով կատարված այս աշխատանքը թանգարանային նշանակություն ունի։
Լոտերի թվում են նաեւ Միխայիլ Նեստերովի «Մենաստանի մոտ» աշխատանքը (200 հազար դոլար), Կուզմա Պետրով-Վոդկինի «Կիսապառկած մերկ կինը եւ բնորդուհին» (2,2 միլիոն ռուբլի), Պյոտր Կոնչալովսկու «Սոճիները աշնանը» (16 միլիոն ռուբլի) եւ Կոնստանտին Մակովսկու «Ռաիսովայի դիմանկարը» (7 միլիոն ռուբլի)։