Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հունգարական «Դեբրեցենից» կրած պարտությունը։
Հանդիպումն ավարտվել էր տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով։ «Փյունիկի» գլխավոր մարզչի խոսքով՝ խաղը հավասար էր։
«Կարծում եմ՝ խաղը լիովին հավասար էր։ Ժամանակ առ ժամանակ նախաձեռնությունը մի թիմից անցնում էր մյուսին։ Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք և կարող էինք խուսափել պարտությունից։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս դիմակայությունում թիմերի հնարավորությունները շարունակում են հավասար մնալ՝ 50-50։ Մենք հաջորդ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ունենք»,- ասել է Օսեյանը։
Գլխավոր մարզիչը նաև անդրադարձել է պատասխան հանդիպումից առաջ ֆուտբոլիստների տրամադրվածությանը։
«Խաղից հետո հանդերձարանում ես ֆուտբոլիստների աչքերում ինքնավստահություն տեսա։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»,- ասել է մասնագետը։
«Փյունիկի» և «Դեբրեցենի» միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Երևանում։