Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել Հայաստանում փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների բաշխման ցանցին միացման նոր տեխնիկական պահանջներ։ Նախագծի նպատակն է ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալի աշխատանքը, կանխել բաշխման ցանցում լարման տատանումներն ու էլեկտրասարքավորումների վնասումները, ինչպես նաև ստեղծել արևային էներգետիկայի զարգացման համար միասնական և հստակ տեխնիկական կարգավորման դաշտ։
Հայաստանում վերջին տարիներին էլեկտրաէներգիա սպառողների էլեկտրաէներգիայի սեփական ծախսի նվազեցման և արևային էներգետիկայի զարգացման նպատակով փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների կիրառումը բուռն աճ է գրանցել։ Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ գործել է 47,536 կայան՝ 605,9 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, որը 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ քանակային առումով աճել է շուրջ 61 անգամ, իսկ հզորության առումով՝ շուրջ 66 անգամ։ Հարկ է նշել, որ արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների ինտեգրումը, որպես վերականգնվող էներգիայի աղբյուրներ, նպաստում են ածղածնի արտանետումների նվազեցմանը, ծախսարդյունավետ են, տնտեսապես շահավետ, էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության ապահովման երաշխավոր: Հաշվի առնելով արևային էներգետիկայի նշված առավելությունները ՀՀ կառավարությունը ստեղծել է բարենպաստ պայմաններ՝ խթանող մեխանիզմներ և արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաների հասանելիության գործիքներ։
Ներկայումս փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների էներգաարտադրության գործունեությունը կարգավորվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ընդունած շուկայի կանոններով։ Մասնավորապես, «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը սահմանում է փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների էներգաարտադրության կազմակերպման և վերջիններիս էներգաարտադրության ընթացքում հաշվառում ու հաշվարկներ իրականացնելու կարգը։ Փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների տեղակայանքների, բաշխման ցանցին միացման կանոնները, պայմանագրերի կնքման, փոխհոսքերի իրականացման, մատուցվող ծառայությունների համար վճարումների, ինքնավար խմբի ստեղծման և գործունեության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը կորցնելու հետ կապված՝ օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի ընդունած շուկայի կանոններով՝ շրջանցելով փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների՝ բաշխման ցանցին միացման համար անհրաժեշտ տեխնիկական հարաչափերի վերաբերյալ պահանջները։
Այնուամենայնիվ, իր բոլոր առավելություններով հանդերձ, փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանները՝ բաշխման ցանցի հետ զուգահեռ աշխատանքի ընթացքում առաջացնում են վերջիններիս աշխատանքի և բաշխման ցանցի ռեժիմների վրա բացասական ազդեցության հետ կապված խնդիրներ։ ՀՀ օրենսդրությամբ փոքր հզորության արևային ֆոտովոլտային կայանները բաշխման ցանցին միացնելու և ցանցի հետ զուգահեռ աշխատելու տեխնիկական որևէ կարգավորում սահմանված չէ: Արդյունքում, փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների բաշխման ցանցին միացումն իրականացվել և իրականացվում է նորմատիվ տեխնիկական կարգավորումների լիակատար բացակայության պայմաններում, ինչը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի որակի հարաչափերի խախտումների և ցանցի բնականոն աշխատանքի խաթարումների՝ սպառողների մոտ անթույլատրելի լարման շեշտակի աճի և դրանց էլեկտրասարքավորումների վնասվածքների։ Այս ամենի պատճառը բաշխման ցանցին միացվող և փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների բացակայությունն է։
Սույն փաստաթուղթն ուղղված է նշված բացասական ազդեցությունների չեզոքացմանը կամ մեղմմանը՝ տեխնիկական կարգավորումների ներդրման արդյունքում։ Մասնավորապես, սահմանվում են փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների ինվերտորային սարքվածքների տեխնիկական հարաչափերի, բաշխման ցանցին միացման, ռեժիմների կարգավորմանը և ծրագրային ապահովմանը ներկայացվող նվազագույն պահանջներ:
Փաստաթուղթը բաղկացած է ներածությունից, չորս բաժիններից՝ ընդհանուր դրույթներ, ցանցային համատեղելիություն, ցանցի հարաչափեր, անվտանգություն և պաշտպանություն, և հավելվածից։ Նշված փաստաթղթի ներդրումը հնարավորություն կստեղծի բարձրացնել ցանցի, նաև ողջ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, հնարավորություն կստեղծի ներդրողների համար աշխատել կարգավորվող և հուսալի տեխնիկական նորմատիվ դաշտում, կապահովի այլ սպառողների իրավունքները և վերականգնվող էներգետիկայի կայուն ու անվտանգ զարգացումը Հայաստանում։
Սահմանել օրենսդրական դաշտ, որով կկարգավորվի փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանների ցածր և միջին լարման բաշխման ցանցերին միացմանը ներկայացվող տեխնիկական պահանջները։
Նախագծով առաջարկվող կարգավորումների ներդրման արդյունքում կստեղծվի նորմատիվ տեխնիկական կարգավորման դաշտ, որը կկանոնակարգի Հայաստանում փոքր հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրական կայանները բաշխման ցանցին միացման տեխնիկական գործընթացը։ Մասնավորապես, կհստակեցվեն փոքր հզորության արևային ֆոտովոլտային կայանների ինվերտորային սարքվածքների տեխնիկական հարաչափերի, բաշխման ցանցին միացման, ռեժիմների կարգավորմանը և ծրագրային ապահովմանը ներկայացվող նվազագույն պահանջները: Կարգավորումների ներդրման արդյունքում կստեղծվեն օրենսդրական հիմքեր ապահովելու համար էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառի զարգացմանը զուգընթաց: