Գաբրիել Չենբերջյանի խափանման միջոցի հարցը նորից կքննվի. բավարարվել է փաստաբան Աշոտ Սիմոնյանի բողոքը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է փաստաբան Աշոտ Սիմոնյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, բեկանել Հակակոռուպցիոն դատարանի կայացրած ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Բողոքը ներկայացվել էր փաստաբանի պաշտպանյալ Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացնելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Աշոտ Սիմոնյանը՝ նշելով, որ վերադաս դատարանն այս որոշմամբ ստորադաս ատյանին անուղղակիորեն պարտավորեցրել է անդրադառնալ բողոքի իրավական բովանդակությանը:
«Զարմանալի չի լինի, եթե բացակայելու արգելք խափանման միջոցն էլ առհասարակ վերացվի: Վստահ ենք, որ այլ տարբերակ պարզապես չկա»,— գրել է փաստաբանը:
Ըստ նրա՝ քրեական գործը վերաբերում է «Փյունիկ» հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված գործարքներին: