Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է հաստատել մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող և պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների նոր ցանկը։ Նախագծով նախատեսվում է տարեկան վարչական վիճակագրական տվյալների հիման վրա թարմացնել այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ծավալները գերազանցում են սահմանված չափանիշները։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը։ Հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ ենթակետը՝ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում և հաստատում է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկը։ Համաձայն 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ցանկը մշակվում է տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա մթնոլորտային օդի վնասակար ներգործություն ունեցող աղբյուրների պետական հաշվառման ցանկի լրամշակում և լիազոր մարմնի կողմից հաստատում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկ՝ հաստատված լիազոր մարմնի կողմից։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ. Ներկայացված նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, – տեղեկացնում է Iravaban.net-ը։