Պետական պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան․ կառավարությունը նոր համակարգ է առաջարկում

Iravaban.net-ը   ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է 2027 թվականից վերափոխել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգը։ Նախատեսվում է վերանայել աշխատավարձերի հաշվարկման գործակիցները, ներդնել կատարողականի գնահատման հիմքով լրավճարների տրամադրման նոր մեխանիզմ և փոփոխություններ իրականացնել մի շարք սոցիալական երաշխիքների ոլորտում։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխոխությունները ուղղված են հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանը և մրցունակ հանրային ծառայության ապահովմանը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը (բացառությամբ այն ծառայությունների, որտեղ գործում են ատեստավորման հիմքով վարձատրության կարգավորումներ)՝ վերանայելով հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները և ներդնելով կատարողականի գնահատման (այսուհետ՝ ԿԳ) նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա վարձատրության չափը պայմանավորել աշխատանքի գրանցած արդյունքներով՝ որպես աշխատանքի արդյունվետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման էական գործոն։

Մասնավորապես՝ 2025 թվականի դեկտեմբերից պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում ներդրվել է կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը։ Կարգի ընդունման նպատակը Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածի համար առանձնացված առաջնահերթ անելիքների կատարողականի գնահատումների միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է։ Միևնույն ժամանակ, հիշյալ կարգը նախատեսում է բարձր կատարողական ունեցող պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարգևատրել այդ ինստիտուցիոնալ արդյունքների հաշվառմամբ՝ որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։ Ընդ որում, հանրային ծառայության արդյունավետության բարձրացումը տվյալ կարգով պայմանավորվեց ոչ միայն մրցակցային վարձատրության պայմանների ապահովմամբ, այլև հանրային ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական կրթությամբ՝ սահմանելով խրախուսման միջոցների որոշակի հատվածը կրթական ծախսերին ուղղելու պարտադիր պահանջ։

Պիլոտային կարգի միջանկյալ գնահատման արդյունքները փաստում են, որ ինստիտուցիոնալ կատարողականի գնահատման պիլոտային համակարգը հնարավորություն է տալիս պետական մարմինների առջև դրված խնդիրների կատարումը գնահատել ըստ ձեռք բերված վերջնարդյունքի, այսինքն՝ կատարողականի գնահատման ներկայում գործող բացառապես ֆորմալ ընթացակարգերի վրա հիմնված համակարգից անցում կատարել արդյունքահենք համակարգի, ինչը բազմիցս առաջարկվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ նախաձեռնության՝ Հանրային կառավարման 2025թ ելակետային գնահատման զեկույցի շրջանակներում։

Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը, այդ թվում՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները, ներդնել գնահատման սկզբունքով վարձատրության կարգավորումների օրենսդրական հիմքեր, վերափոխել կատարողականի գնահատման և պետական ծառայողներին տրվող պարգևատրման գործող համակարգը, իրականացնել համակարգային նշանակության այլ փոփոխություններ։ Միևնույն ժամանակ, կարգավորումների առաջարկվող փաթեթով անդրադարձ չի կատարվում պետական այն ծառայություններին, որոնց համար ներկայումս սահմանված են ատեստավորման հիմքով հավելյալ վարձատրության մեխանիզմներ՝ ապահովելով այդ ծառայություններում արդեն իսկ ներդրված կարգավորումների շարունակականությունը։

Վերոգրյալից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից վերանայել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և հարակից օրենքներով սահմանված վարձատրության, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքների համակարգերը՝ հետևյալ տրամաբանությամբ

Հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցների վերանայում

Համաձայն ՍԻԳՄԱ նախաձեռնության՝ 2025 թվականի ելակետային զեկույցի՝ հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցների ներկայիս համակարգը չի խրախուսում պետական ծառայողների՝ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտումը, ինչպես նաև համարժեք չեն առաջխաղացման դեպքում աշխատավարձի գործակցային աճը և պատասխանատվության, իրավասությունների ու կոմպետենցիաների ծավալի աճը: Այս եզրակացությունը փաստում է, որ հասցեագրման կարիք ունի հատկապես այն պաշտոններում արդյունավետ աշխատանքի խրախուսումը, որոնք զբաղեցնողներն առավել մեծ պատասխանատվություն ունեն համակարգային արդյունավետության հարցում։ Այս առումով, Նախագծով գործակիցների առաջարկվող փոփոխության հիմքում դրվել է ավելի բարձր մակարդակի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվություն, որոշումներ կայացնելու լիազորություններ, գործունեության ազդեցություն, շփումներ և ներկայացուցչություն ունեցող պաշտոնյաների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները տարբերակված չափերով բարձրացման մոտեցումը։

Գործակիցների փոփոխություններին զուգընթաց կվերանայվեն և կպարզեցվեն նաև օրենքի 9-րդ հավելվածով սահմանված՝ պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկման սանդղակները՝ պաշտոնի յուրաքանչյուր ենթախմբի համար ըստ աշխատանքային ստաժի սահմանելով հիմնական աշխատավարձի հաշվարկման միասնական գործակից։

Կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա վարձատրության օրենսդրական հիմքերի կանոնակարգում

Կատարողականի կամ հաշվետվության հիման վրա պարգևատրմանը վերաբերող գործող իրավակարգավորումները կվերանայվեն և կսահմանվեն պետական առանձին մարմինների համար կատարողականի գնահատման հիմքով աշխատավարձի ֆոնդի միջոցների հատկացման, ինչպես նաև դրանց հաշվին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրավճարների տրամադրման համար օրենսդրական հիմքեր՝ համապատասխան մարմինների շրջանակի և անհրաժեշտ իրավակարգավորումների սահմանման իրավասությունը վերապահելով Կառավարությանը՝ հետևյալ սկզբունքների պահպանմամբ

    • Գնահատվող յուրաքանչյուր կառույցի համար սահմանվում են ռազմավարական նպատակներ հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարմնի գրանցած արդյունքները գնահատվում են սահմանված թիրախային ցուցանիշների նկատմամբ՝ հիմք հանդիսանալով տվյալ մարմնի համար կատարողականի հիմքով լրավճարի միջոցների ձևավորման համար։
    • Պետական մարմինների կատարողականի գնահատման ընթացակարգը ապահովում է կատարված աշխատանքի օբյեկտիվ չափելիություն․ սահմանվում են քանակապես չափելի և ստուգելի գնահատման ցուցիչներ, իսկ նախարարություններում ներդրվելիք անհատական գնահատման համակարգը ապահովում է յուրաքանչյուր պետական ծառայողի օբյեկտիվ գնահատումը՝ արդյունավետ աշխատանքը տարբերակելով խրախուսական բարձր վարձատրությամբ։
    • Կատարողականի խթանման և կայուն հիմնական աշխատավարձի միջև հավասարակշռության ապահովում․ աշխատավարձի հիմնական և փոփոխական մասերի հարաբերակցության կանոնակարգման նպատակով նախատեսվում է սահմանել, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել աշխատավարձի ընդհանուր չափի 60 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ԿԳ համակարգում կսահմանվեն նաև մասնավոր հատվածում կառավարչական պաշտոնների հետ համադրելիության ապահովման մեխանիզմներ՝ ԿԳ լրավճարի հանրագումարային սահմանաչափը ինդեքսավորելու եղանակով։
    • Շարունակական կրթության ինստիտուցիոնալացում նախատեսվում է ապահովել ներկայումս ԿԳ պիլոտային կարգի շրջանակներում սահմանված՝ խրախուսման միջոցների որոշակի հատվածը կրթական ծախսերին ուղղելու կարգավորման շարունակականությունը՝ կրթական ծրագրերի ընտրությունը անհատական կարիքներին համապատասխան և անհատական որոշմամբ իրականացնելու սկզբունքի պահպանմամբ։
    • Կատարողականի գնահատման հիմքով լրավճարներ օրենսդիր, դատական և իրավապահ (դատախազություն, քննչական մարմիններ) համակարգի, անկախ և ինքնավար այլ մարմինների համար՝ վերջիններիս համար ԿԳ հիմքով լրավճարների չափը կապակցելով Կառավարության կատարողականի ցուցանիշի հետ։

 

Աշխատավարձիբարձրացման նպատակով տարբեր մարմինների համար սահմանված հավելումների և հավելավճարների վերանայում

Հիմնական աշխատավարձի դերի վերականգնման նպատակով կվերանայվեն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար աշխատավարձի բարձրացման նպատակով սահմանված հավելումները և հավելավճարները՝ բացառությամբ այն ծառայությունների, որոնց համար կիրառելի են ատեստավորման հիմքով հավելյալ վարձատրության մեխանիզմներ։

Մասնավորապես՝ գործող հավելումների տրամաբանությունը ներդաշնակեցնելու նպատակով Նախագծով նախատեսվում է վերանայել աշխատավարձի բարձրացման նպատակով սահմանված հավելումների և հավելավճարների տեսակները և չափերը՝ դրանք հնարավորինս արտացոլելով համապատասխան խմբի պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներում՝ երաշխավորելով վերջիններիս աշխատավարձի գործող չափերի պահպանումը։ Մասնավորապես կնվազեցվեն դատախազներին, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին տրվող հավելումները, իսկ մյուս բոլոր պաշտոնների համար դրանք կվերացվեն։

Բազայինաշխատավարձի չափի սահմանում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով

Նախագծով առաջարկվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի որոշման մեթոդը։ Ներկայումս բազային աշխատավարձը կապված է նվազագույն աշխատավարձի հետ՝ բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը։ Նախագծով նախատեսվում է բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանելու փոխարեն ուղղակիրորեն ամրագրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, ինչը շահառուներին հնարավորություն կտա ավելի պարզ եղանակով որոշել իրենց հիմնական աշխատավարձի չափը։

Աշխատավարձերիև կենսաթոշակային երաշիքների համադրում՝ աշխատանքը ապախրախուսող սոցիալական երաշխիքների սահմանմամբ․

Նախագծով առաջարկվում է որպես իրավապահ որոշ կառույցներում սահմանված՝ 20 տարվա ծառայությունից հետո կենսաթոշակի ստացման իրավունքին այլընտրանք ներդնել երկարամյա ծառայությունը խրախուսող կարգավորումներ: Մասնավորապես՝ դատախազի, քննչական կոմիտեում քննիչի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար սահմանել տարիքային նվազագույն շեմ՝ 60 տարեկան: Այսպիսով, ոչ միայն կենսաթոշակային ապահովության ոլորտի ընդհանուր սկզբունքների ներքո կմիասնականացվեն Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող պայմանները, այլև կենսաթոշակային ապահովության ոլորտում վարվող քաղաքականությունը վարձատրության ոլորտի քաղաքականությանը համահունչ՝ կխթանի ավելի երկարատև մասնագիտական գործունեության իրականացմանը համապատասխան մարմիններում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի և ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից։

Ակնկալվող արդյունքը։

Նախագծի ընդունմամբ կներդրվի վարձատրության, այդ թվում՝ կատարողականի գնահատման նոր համակարգ, ինչը թույլ կտա վարձատրության չափը համարժեքորեն պայմանավորել պատասխանատվության և կոմպետենցիաների մակարդակով, ինչպես նաև աշխատանքի գրանցած արդյունքներով՝ որպես աշխատանքի արդյունվետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման էական գործոն։

Նախագծի ընդունման կապակցությամբլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ 2027 թվականի համար պետական բյուջեից կպահանջվեն շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 63-րդ գլխի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերից, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշմամբ հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 31-րդ կետի 2-րդ ենթակետից, – տեղեկացնում է Iravaban.net։

Leave a Comment