Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ իրեն հեռացրել են Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործի վարույթից՝ որպես պաշտպան։
Սարգսյանի խոսքով՝ որոշումը կայացվել է Քննչական կոմիտեում նախատեսված առերեսումը սկսելուց առաջ։ Նրան այսօր 15։00 հրավիրել են Քննչական կոմիտե հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։
Փաստաբանի ներկայացմամբ՝ այդ որոշման հիմքում դրվել է գործով անցնող Իրանի քաղաքացու ցուցմունքը, ըստ որի՝ Սարգսյանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանի հետ որոշ հանդիպումների։ Կոմիտեի դիտարկմամբ՝ Սարգսյանը կարող է գործի վերաբերյալ տվյալներ ունենալ։ Նրա խոսքով՝ քննության մարմինը դա դիտարկել է որպես հիմք՝ իրեն վկայի կարգավիճակով հարցաքննելու համար։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ «Պաշտպանի մասնակցության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են համապատասխան դատավարական միջոցառումներ»։ Կոմիտեից նշեցին, որ արդյունքների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի։
Միաժամանակ, Քննչական կոմիտեում շարունակվում են Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողությունները։ Ծառուկյանին այսօր կրկին տեղափոխել են ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Նրա հարցաքննությունը նախորդ օրը տևել էր շուրջ 10 ժամ։