Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դիմումը։ Որոշումը կայացվել է 2026 թվականի հուլիսի 17-ին՝ քաղաքացի Սեմյոն Բաբայանի ներկայացրած դիմումի հիման վրա։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԿՀ-ից։
Դիմումատուն պնդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարություններով կարող էր խախտել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։ Դիմումով նշվել էր, որ պետական պաշտոնատար անձը պարտավոր է պահպանել զսպվածություն, հարգել քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը և չտարածել անհիմն մեղադրանքներ։ Սեմյոն Բաբայանը Հանձնաժողովից պահանջել էր ընդունել դիմումը վարույթ, ուսումնասիրել վարչապետի հայտարարությունները և տալ գնահատական՝ արդյոք առկա է վարքագծի կանոնների խախտում։
ԿԿՀ-ն ուսումնասիրել է 2026 թվականի հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած ճեպազրույցը, որի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան վարչապետը անդրադարձել էր ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ քննարկումներին։
Ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է «100 տոկոսով օրգանիկ քվե», իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են «100 տոկոսով ընտրակաշառքով քվե»։ Նա նաև խոսել էր ընտրակաշառքի դեմ քրեական վարույթների, ընտրական գործընթացների նկատմամբ իրավական արձագանքի անհրաժեշտության մասին։
Դիմումատուն այս հայտարարությունները գնահատել էր որպես ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկած քաղաքացիների հասցեին վիրավորական և անհիմն մեղադրանքներ։
Հանձնաժողովը, սակայն, որոշման մեջ նշել է, որ նման արտահայտությունները պետք է դիտարկել դրանց ընդհանուր համատեքստում՝ հաշվի առնելով, որ դրանք հնչել են հանրային նշանակություն ունեցող հարցի՝ ընտրությունների և հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քննարկման ընթացքում։
ԿԿՀ-ն անդրադարձել է նաև նախկինում Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցված գնահատականներին և նշել, որ քաղաքական բանավեճի շրջանակներում արտահայտման ազատության սահմաններն առավել լայն են։ Ըստ Հանձնաժողովի՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քաղաքական գործիչների կողմից հնչեցված կոշտ կամ չափազանցված գնահատականները ինքնին չեն կարող դիտարկվել որպես վարքագծի կանոնների խախտում։
Որոշման մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ քաղաքական խոսքը և հանրային նշանակություն ունեցող հարցերի շուրջ արտահայտվելու ազատությունը ունեն բարձր պաշտպանություն։ Միաժամանակ, սահմանափակումները կարող են կիրառվել այն դեպքերում, երբ արտահայտությունները վերածվում են անհիմն անձնական հարձակման կամ ունեն ակնհայտ վիրավորական բնույթ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ վարչապետի կողմից հնչեցված հայտարարությունները, թեև պարունակել են չափազանցության տարրեր, չեն ունեցել առերևույթ վիրավորելու նպատակ և ուղղված են եղել ընտրական գործընթացների վերաբերյալ գնահատականներ ներկայացնելուն։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ունեցել են որոշակի փաստական հենք և չեն պարունակել վարքագծի կանոնների այնպիսի խախտման հատկանիշներ, որոնք հիմք կտային վարույթ հարուցելու համար։
ԿԿՀ-ն, ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համապատասխան դրույթներով, որոշել է մերժել Սեմյոն Բաբայանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա վարույթի հարուցումը։
Որոշումն ուղարկվել է դիմումատուին՝ օրենքով սահմանված կարգով։