ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ Դատախազության միջնորդությանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Վարդևանյանը սա որակել էր «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն, ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:

Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննել միայն երեկ՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։

Leave a Comment