
ԿԸՀ-ն այսօր կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատություն զրկելու պահանջով:
«Մենք երեկ ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում երբևէ չէի տեսել: Այսինքն՝ իրավիճակ, երբ ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն ունի պատգամավորի կարգավիճակ ու այդ պայմաններում, անկախ այդ հանգամանքից իրականցնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն», – ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանը սա որակես «քաղաքական աբսուրդ, քաղաքական թատրոն, քաղաքական հետապնդում», որն ըստ նրա, ուղղված է Ազգային ժողովում Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն:
«Ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, ԿԸՀ-ն, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում», – ընդգծեց փաստաբանը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել է, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Թեև միջնորդությունը դատախազությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, այն ԿԸՀ-ն սկսեց քննվում է միայն այսօր՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Նարեկ Կարապետյանը ևս ստացավ պատգամավորական մանդատը։
Այսօր Վարդևանյանն ընդգծեց. «Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին 1619 որոշմամբ արձանագրել էր՝ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում չի կարող լինել ազատազրկման պայմաններում, մեկ բացառրություն կա՝ Ազգային ժողովի համաձայնությամբ: ՀԻՄա ԿԸՀ-ն, դատախազությունը, հետագայում, վստահ եմ մի քանի ժամ անց, քննչական մարմինը պետք է փորձեն Սահմանադրական դատարանի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարեն»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նախօրեին մամուլի ասուլիսում պարզաբանեց. «Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը պահանջում է, որ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Այս ձևակերպումը նաև արձանագրված է Սահմանադրական դատարանի 22 թվականի, եթե չեմ սխալվում, մարտին կայացված 1644 որոշման մեջ, որտեղ Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն, ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդման հարուցումը, ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն ԿԸՀ որոշմամբ: Այդ որոշումները պետք է ընդունվեն 2/3-ով»: