
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ ոստիկանների ուղեկցությամբ բերեցին Քննչական կոմիտե, որտեղ կշարունակվի նրա հարցաքննությունը:
Երեկ փաստաբանները հայտնել էին, որ Ծառուկյանն առերեսվել էր իր դեմ բողոքող իրանցի գործարարներից մեկի հետ: Ենթադրվում է, որ այսօր կառերեսվի իրանցի մյուս գործարարի հետ:
Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
Երեկ տեղի ունեցած հարցաքննությունից ժամեր առաջ հրապարակվել էր Գագիկ Ծառուկյանի ուղերձը մեկուսարանից, նա այս անգամ իշխանություններին չի քննադատում, թվում է իր կատարած աշխատանքն ու խոստանում շարունակել կառուցել:
Միաժամանակ շարունակում են փակ մնալ Ծառուկյանի տասնյակ ձեռնարկությունները, իսկ «Արարարատցեմենտ» գործարանի կառավարումն արդեն անցել է պետությանը: