Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված պաշտպանության ոլորտում իրականացված կադրային փոփոխությունների հետ։ Ցուցարարները պահանջում են վերականգնել Միխայիլ Ֆեդորովին պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչպես նաև պաշտոնանկ անել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
Անցած շաբաթ Կիևում և երկրի մի շարք այլ քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիաների։ Բանակի վետերան Դմիտրո Կոզյատինսկին հայտարարել է, որ եթե մինչև ուրբաթ Սիրսկին չազատվի պաշտոնից, իսկ Ֆեդորովը չվերադառնա նախարարի պաշտոնին, կսկսվեն անժամկետ համազգային բողոքի ցույցեր։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Վոլադիմիր Զելենսկին խորհրդակցություններ է անցկացնում նախարարների և ռազմական ղեկավարության հետ՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով։
Տարածված լուրերի ֆոնին Ուկրաինայի գլխավոր շտաբը հերքել է տեղեկությունները, թե Ալեքսանդր Սիրսկին պատրաստվում է կամ արդեն ազատվել է պաշտոնից։ Նշվում է նաև, որ Միխայիլ Ֆեդորովը հրաժարվել է կառավարությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկից։
Նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն՝ նշելով, որ իշխանությունները տեղյակ են հասարակության դժգոհությունից և հաշվի են առնում հանրային պահանջները։
«Հասարակության դիրքորոշումը լսվել է»,- հայտարարել է Բուդանովը՝ ընդգծելով, որ իշխանությունները գնահատում են ստեղծված իրավիճակը։