Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի լիցենզավորման համակարգը։ Նախագծով սահմանվում են բուհերի և կրթական ծրագրերի լիցենզավորման նոր չափանիշներ, որոնց համաձայն՝ գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է վերալիցենզավորվեն, իսկ բուհերը՝ բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողություն ունենան։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված կարգերով։ Նշված կարգավորումները ձևավորվել են բարձրագույն կրթության համակարգի զարգացման նախորդ փուլում և հիմնականում ուղղված են կրթական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանձին պայմանների ստուգմանը՝ առանց բուհի ինստիտուցիոնալ կարողությունների և յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության փոխկապակցված գնահատման։ Գործող լիցենզավորման պայմաններն ու պահանջները կրում են ընդհանրական բնույթ, բավարար չափով չեն տարանջատվում ըստ բարձրագույն կրթության մակարդակների և ծրագրերի առանձնահատկությունների և ամբողջությամբ չեն ընդգրկում ժամանակակից բարձրագույն կրթության համար էական՝ ուսանողակենտրոն ուսումնառության, հետազոտահենք կրթության, որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին համապատասխան վերջնարդյունքների, ակադեմիական կազմի կարողությունների, ներքին որակի ապահովման, թվային կառավարման, ներառականության, անվտանգության, ուսանողների աջակցության և կրթական գործընթացի շարունակականության պահանջները։ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին ՀՕ-441-Ն օրենքով ևս արձանագրվել է բարձրագույն կրթության լիցենզավորման գործող գործիքների վերանայման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով լիցենզավորման պայմանների և պահանջների ժամանակավրեպ ու ընդհանրական բնույթը, բուհերի ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող/դասախոս հարաբերակցության, ռազմավարական նպատակադրումների ու միջազգայնորեն ընդունելի այլ չափանիշների միասնական նվազագույն ստանդարտների բացակայությունը, ինչպես նաև լիցենզավորման և որակի ապահովման մյուս գործիքների ոչ բավարար փոխկապակցվածությունը։ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՕ-285-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկել են համակարգային բարեփոխումներ, որոնց շրջանակում լիցենզավորումը և հավատարմագրումը սահմանվել են որպես որակյալ բարձրագույն կրթական ծառայությունների մատուցումը երաշխավորող փոխկապակցված պետական գործիքներ։ Օրենքով ներդրվել է լիցենզավորման նոր տեսակ՝ բուհի լիցենզավորումը, որը բուհական գործունեություն իրականացնելու մուտքային իրավական նախապայմանն է, և պահպանվել ու նոր բովանդակություն է ստացել բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորումը։ Նոր համակարգում բուհի լիցենզավորումը պետք է հավաստի հաստատության՝ կայուն և որակյալ կրթական գործունեություն իրականացնելու ինստիտուցիոնալ կարողությունը, ներառյալ կառավարման, ակադեմիական կազմի, կրթական ու հետազոտական միջավայրի, ֆիզիկական և թվային ենթակառուցվածքների, ուսանողների աջակցության և ներքին որակի ապահովման համակարգերի համապատասխանությունը միասնական նվազագույն պահանջներին։
Ուսանողի ամբողջական և համադրելի կրթական փորձառությունն ապահովելու, ինչպես նաև կենսունակ ու բազմագործառույթ բուհական միջավայր ձևավորելու նպատակով նախագծով նախատեսվում է, որ բուհը պետք է ունենա բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողություն։ Կրթական ծրագրերի լիցենզավորման վերանայումը պայմանավորված է նաև մրցունակ և հետազոտահենք կրթական ծրագրեր ապահովելու, ծրագրերի նպատակները, ուսումնառության վերջնարդյունքները, կրեդիտային կառուցվածքը, ուսուցման ու գնահատման մեթոդները, ակադեմիական կազմը և անհրաժեշտ ռեսուրսները փոխկապակցված գնահատելու, ինչպես նաև բակալավրի, մագիստրոսի և դոկտորի մակարդակների, համատեղ, ինտեգրված, օտար լեզվով, հեռավար կամ հիբրիդային բաղադրիչով իրականացվող ծրագրերի առանձնահատկությունները միասնական իրավական շրջանակում կարգավորելու անհրաժեշտությամբ։ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով Կառավարությանը վերապահվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգի, ներառյալ բուհի լիցենզավորման պայմաններն ու պահանջները և լիցենզիայի դադարեցման հիմքերը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի, ներառյալ լիցենզավորման պայմաններն ու պահանջները և լիցենզիայի դադարեցման հիմքերը, հաստատումը։ Միաժամանակ Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով գործող բուհերի համար նախատեսվել է մինչև 2028 թվականը բուհի և կրթական ծրագրերի լիցենզավորման համար դիմելու պարտականություն, որի պատշաճ իրականացումն անհնար է առանց համապատասխան կարգերի և միասնական կիրառելի չափանիշների հաստատման։ Հետևաբար նախագծի ընդունումը անհրաժեշտ է Օրենքի լիարժեք կիրարկումը, գործող համակարգից նոր համակարգին կանխատեսելի անցումը և բարձրագույն կրթության ոլորտում միասնական, թափանցիկ ու միջազգային մոտեցումներին համադրելի լիցենզավորման շրջանակի ներդրումն ապահովելու համար։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել փոխկապակցված երկու կարգավորում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման կարգը և բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, ինչպես նաև դրանց կիրառման համար անհրաժեշտ միասնական ձևաթղթերի փաթեթները։ Կարգերը մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին», «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներին համապատասխան։ Բուհի լիցենզավորման կարգով սահմանվում են լիցենզավորման նպատակը և շրջանակը, պարտադիր պայմաններն ու պահանջները, ներկայացվող փաստաթղթերը, հայտի ընդունման, ամբողջականության ստուգման, փորձագիտական գնահատման և որոշման ընդունման ընթացակարգերը, լիցենզիայի և դրա ներդիրի կարգավիճակը, տարեկան հաշվետվության ու մշտադիտարկման պահանջները, փոփոխությունների գրանցման, նախազգուշացման կիրառման և լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերն ու ընթացակարգերը։ Գնահատման առարկա են դառնում բուհի ակադեմիական կարողությունը, կրթական և հետազոտական միջավայրը, ֆիզիկական ու թվային ենթակառուցվածքները, հասանելիությունն ու անվտանգությունը, կառավարման և կազմակերպական կառուցվածքը, առաքելությունն ու ռազմավարությունը, ներքին իրավական ակտերը, որակի ներքին ապահովման համակարգը, ֆինանսական կայունությունը և ուսանողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները։ Նախատեսվում է նաև բոլոր տարիների հաշվարկով առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջ։ Կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը տարածվում է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորում շնորհող ծրագրերի, ինչպես նաև ինտեգրված, համատեղ և կրկնակի որակավորման, օտար լեզվով իրականացվող, հեռավար կամ հիբրիդային բաղադրիչ ունեցող ծրագրերի վրա։ Լիցենզավորման ընթացքում գնահատվում են ծրագրի անհրաժեշտությունն ու նպատակը, համապատասխանությունը որակավորումների ազգային և, առկայության դեպքում, ոլորտային շրջանակներին, ուսումնառության վերջնարդյունքները և կրեդիտային կառուցվածքը, ուսուցման ու գնահատման մեթոդները, ակադեմիական և ուսումնաօժանդակ կազմը, ուսումնական, հետազոտական, թվային, պրակտիկայի կամ կլինիկական ռեսուրսները, ուսանողների աջակցությունը, որակի ներքին ապահովումը և ծրագրի դադարեցման դեպքում ուսանողների պաշտպանության միջոցները։ Ծրագրի լիցենզավորումը կառուցվում է փաստաթղթային և փորձագիտական գնահատման, շահերի բախման բացառման, հայտատուի արձագանքի հնարավորության և լիազոր մարմնի կողմից հիմնավորված որոշման ընդունման վրա։
Սահմանվում է լիցենզավորման և հավատարմագրման գործիքների հաջորդականությունը՝ ամրագրելով, որ ծրագրի լիցենզավորումը չի փոխարինում ծրագրային հավատարմագրմանը, իսկ լիցենզավորված նոր ծրագիրը օրենքով նախատեսված ժամկետում ենթակա է ծրագրային հավատարմագրման։ Երկու կարգերով նախատեսվում են լիցենզիաների ու դրանց փոփոխությունների թվային հաշվառում, բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգի և պետական գրանցամատյանի օգտագործում, տարեկան տվյալների թարմացում, ռիսկերի ու համապատասխանության մշտադիտարկում, հանրությանը ճշգրիտ տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև խախտումների դեպքում համաչափ ներգործության և ուսանողների կրթության շարունակականության պաշտպանության կառուցակարգեր։ Ձևաթղթերի միասնական փաթեթները ստանդարտացնում են հայտերի, ինքնագնահատման, ակադեմիական կազմի, ենթակառուցվածքների, ծրագրային վերջնարդյունքների, ռեսուրսների, որակի ապահովման և լիցենզիայի ներդիրների համար պահանջվող տվյալներն ու ապացույցները։ Անցումային կարգավորումներով ապահովվում է գործող լիցենզիաների իրավական շարունակականությունը և նոր համակարգին փուլային անցումը՝ սահմանելով, որ գործող բուհերը մինչև 2028 թվականը պետք է դիմեն բուհի և իրենց կրթական ծրագրերի լիցենզավորման համար։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։
Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում`
- կձևավորվի բուհերի և բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման միասնական, ամբողջական և միջազգային մոտեցումներին համադրելի իրավական համակարգ, որով հստակ կտարանջատվեն և միաժամանակ կփոխկապակցվեն բուհի ինստիտուցիոնալ կարողության ու յուրաքանչյուր կրթական ծրագրի ակադեմիական ամբողջականության գնահատումները.
- կսահմանվի բարձրագույն կրթական ծառայությունների որակի և կայունության միասնական նվազագույն շրջանակ՝ ներառելով պատշաճ կառավարման, որակավորված ակադեմիական կազմի, ներքին որակի ապահովման, անվտանգ, ներառական ու հասանելի ֆիզիկական միջավայրի, ժամանակակից թվային և հետազոտական ենթակառուցվածքների, ուսանողների աջակցության և կրթական գործընթացի շարունակականության պահանջներ, իսկ առնվազն 4000 ուսանողի կրթություն կազմակերպելու կարողության պահանջը կնպաստի կենսունակ և բազմագործառույթ բուհական միջավայրերի ձևավորմանը.
- կրթական ծրագրերը կկառուցվեն և կգնահատվեն որակավորումների ազգային ու ոլորտային շրջանակների, չափելի ուսումնառության վերջնարդյունքների, կրեդիտային կառուցվածքի, աշխատաշուկայի, գիտության և հանրային կարիքների հիման վրա, ինչը կնպաստի հետազոտահենք կրթության, շրջանավարտների մրցունակության, որակավորումների միջազգային ճանաչելիության և ծրագրերի շարունակական բարելավման ապահովմանը.
- փաստաթղթային և անկախ փորձագիտական գնահատման, միասնական ձևաթղթերի, հիմնավորված որոշումների, թվային հաշվառման, պետական գրանցամատյանի, տարեկան հաշվետվությունների և շարունակական մշտադիտարկման ներդրմամբ կբարձրանան լիցենզավորման գործընթացների թափանցիկությունը, օբյեկտիվությունը, կանխատեսելիությունը և հանրային հաշվետվողականությունը.
- լիցենզավորման և հավատարմագրման հաջորդական ու փոխլրացնող կիրառումը, ուսանողների իրավունքների պաշտպանության և կրթության շարունակականության երաշխիքները, ինչպես նաև օտար լեզվով, համատեղ, ինտեգրված, հեռավար և հիբրիդային ծրագրերի համար հստակ պահանջների սահմանումը կնպաստեն բարձրագույն կրթության միջազգայնացմանը, ակադեմիական շարժունության ընդլայնմանը և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին Հայաստանի հետագա ինտեգրմանը.
- մինչև 2028 թվականը գործող բուհերի և կրթական ծրագրերի վերալիցենզավորումը հնարավորություն կտա ամբողջ համակարգը փուլային եղանակով համապատասխանեցնել նոր պահանջներին, կարգավորել ոչ կենսունակ հաստատությունների և որակի նվազագույն երաշխիքներ չապահովող ծրագրերի խնդիրը՝ միաժամանակ պահպանելով գործող կրթական գործընթացների շարունակականությունն ու սովորողների իրավունքները։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 6. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման 1-ին կետի 17-րդ, 18-րդ, 19-րդ ու 20-րդ ենթակետերը և դրանցով հաստատված համապատասխան հավելվածները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը և դրանով հաստատված համապատասխան հավելվածը 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Նախագծի ընդունումը բխում է բարձրագույն կրթության լիցենզավորման, որակի նվազագույն երաշխիքների, արդյունավետ կառավարման, կրթական ծրագրերի արդիականացման և միջազգային համադրելիության վերաբերյալ հետևյալ ռազմավարական փաստաթղթերով սահմանված փոխկապակցված ուղղություններից՝
- «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին ՀՕ-441-Ն օրենքի 1-ին հոդվածով հաստատված հավելվածի 81-րդ կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությամբ, 5-րդ ենթակետի «ա», «գ» և «դ» պարբերություններով ու 9-րդ ենթակետով, 82-րդ կետի 1-ին ենթակետի «ժ» պարբերությամբ, 2-րդ ենթակետով, 3-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով, 83-րդ կետի 1-ին, 7-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով, ինչպես նաև 86-րդ կետի 13-րդ, 14-րդ, 16-19-րդ և 23-րդ ենթակետերով նախատեսված ուղղություններից և արդյունքներից։ Նշված դրույթները փոխկապակցում են բուհերի համար ենթակառուցվածքների, կառավարման, ակադեմիական կարողությունների և ռազմավարական նպատակադրումների միասնական նվազագույն լիցենզավորման ստանդարտների սահմանումը, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում լիցենզավորման պայմանների ու պահանջների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների ամբողջական կիրառումը, վերջնարդյունքահեն ու արդիական կրթական ծրագրերի ապահովումը, կրթության որակի վստահելի և օբյեկտիվ գնահատումը, տվյալների վրա հիմնված, ինքնավար, թափանցիկ ու հաշվետու կառավարումը, ինչպես նաև որակավորումների միջազգային ճանաչելիությունը, կրթական ծրագրերի և հաստատությունների համադրելիությունը, շարժունությունը, կրթություն-գիտություն փոխգործակցությունը և բարձրագույն կրթության միջազգային հեղինակության բարձրացումը։
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 Կրթություն» բաժնի՝ բարձրագույն կրթության որակին, արդյունավետ կառավարմանը, հետազոտական բաղադրիչին և միջազգայնացմանը վերաբերող դրույթներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթություն» բաժնի 16-րդ կետից և 16.1-ին ու 16.2-րդ ենթակետերից, 19-րդ կետից և 19.1-ին ու 19.2-րդ ենթակետերից, 21-րդ կետից և 21.1-ին ու 21.2-րդ ենթակետերից, 23-րդ կետից և 23.1-ին ու 23.2-րդ ենթակետերից, ինչպես նաև 24-րդ կետից և 24.1-ին ու 24.2-րդ ենթակետերից։
Այս միջոցառումները գաղափարապես միավորում են բարձրագույն կրթության արդյունավետ, թափանցիկ, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարումը, կրթական ծրագրերի՝ որակավորումների ազգային ու ոլորտային շրջանակներին համապատասխան վերանայումը, որակի շարունակական բարելավումն ու հետազոտական միջավայրի զարգացումը, միջազգայնացման և շարժունության հնարավորությունների ընդլայնումը, օտար լեզվով կրթության ու միջազգային փորձի փոխանակման խթանումը, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին անդամակցությամբ պայմանավորված բարեփոխումների հետևողական իրականացումը։ Նախագծով առաջարկվող ինստիտուցիոնալ և ծրագրային լիցենզավորման չափանիշներն ու ընթացակարգերը նշված ուղղությունների իրականացման համար ձևավորում են միասնական մուտքային որակի երաշխավորման իրավական հիմք։
ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 29-ի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 4-րդ կետից: