«Օրինական եկամուտները չեն հաշվարկվել»․ Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչները՝ դատարանում

2024 թվականի նոյեմբերից Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ գլխավոր դատախազության՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, քաղաքական գործիչ և գործարար Արթուր Բաղդասարյանի, նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված մի շարք ընկերությունների դեմ ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցը։

Դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ հուլիսի 20-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առարկությունները՝ վիճարկելով դատախազության ներկայացրած հաշվարկները։

Ներկայացուցիչների հիմնական պնդմամբ՝ դատախազության հաշվարկներում չեն ներառվել Արթուր Բաղդասարյանի մի շարք օրինական եկամուտներ, ինչի հետևանքով, ըստ նրանց, հետագա ֆինանսական հաշվարկները կարող էին սխալ արդյունքի հանգեցնել։

Փաստաբանների խոսքով՝ հաշվարկներից դուրս են մնացել Բաղդասարյանի՝ տարբեր տարիներին ստացած եկամուտները։ Խոսքը, մասնավորապես, հեռուստատեսությունում հաղորդում վարելու, իրավագետների և քաղաքագետների միավորման ղեկավար լինելու, «Օրենք և իշխանություն» պարբերականի գլխավոր խմբագիր լինելու, ինչպես նաև գիտական և մանկավարժական գործունեությունից ստացված եկամուտների մասին է։

Կողմը նաև պնդում է, որ հաշվարկներում հաշվի չի առնվել Բաղդասարյանի հայտարարագրում նշված շուրջ 8 միլիոն դրամի եկամուտը՝ գրքերի վարձատրությունից։ Փաստաբանների գնահատմամբ՝ այդ եկամուտները հաշվարկելու դեպքում մինչև 2004 թվականը ձևավորվում էր դրական մնացորդ, որը կարող էր բավարար լինել Երևանի Բայրոնի փողոցում գտնվող բնակարանի ձեռքբերումը օրինական միջոցներով հիմնավորելու համար։

Կողմը վիճարկում է նաև ընկերությունների ֆինանսավորման վերաբերյալ դատախազության մոտեցումները։

Ներկայացուցիչների պնդմամբ՝ «Հայասի Գրուպ» ընկերության գործունեությունը հիմնականում իրականացվել է բանկային վարկերի հաշվին։ Ներկակացուցիչները պնդում են, որ ընկերության ստեղծման և զարգացման համար ներգրավված միլիոնավոր դոլարների վարկային միջոցները չեն կարող դիտարկվել որպես Արթուր Բաղդասարյանի ապօրինի եկամուտ։

Դատախազության ներկայացուցիչը, սակայն, հակադարձեց, որ «Հայասի Գրուպի» ապօրինի ծագման վերաբերյալ դիրքորոշումը հիմնված չէ միայն ընկերության վերակազմակերպման հանգամանքի վրա։

Դատախազության պնդմամբ՝ ընկերության վերաբերյալ առկա են նաև այլ հանգամանքներ։ Մասնավորապես, նշվել է, որ Արթուր Բաղդասարյանի կողմից ընկերությանը տրամադրված որոշ փոխառություններ չեն հիմնավորվել օրինական եկամուտներով, իսկ ընկերությունում ներդրված որոշ գույքերի ձեռքբերման օրինականությունը, ըստ դատախազության, ամբողջությամբ հիմնավորված չէ։

Դատախազության ներկայացուցիչը նաև նշել է, որ որոշ գույքեր հետագայում ընկերությանը փոխանցվել են շուկայական արժեքից էականորեն ցածր գնով։

Կողմը պնդում է, որ դատախազության հաշվարկներում առկա են ոչ միայն թվաբանական, այլև մեթոդաբանական խնդիրներ՝ չհաշվարկված եկամուտներ, չնույնականացված փոխանցումներ և այլ անձանց գործարքներ, որոնք, ըստ ներկայացուցիչների, վերագրվել են Արթուր Բաղդասարյանին։

Գործի շրջանակում դատարանը վեց ընկերության ներգրավել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։ Դատարանի գնահատմամբ՝ գործով կայացվելիք վերջնական դատական ակտը կարող է ազդել այդ ընկերությունների իրավունքների և գույքի վրա։ Խոսքը «Գավեքս Գրուպ», «Հայասի Գրուպ», «Բ.Ա.Ս.Խ», «Ֆելինգեր», «Եվրոլայն» ընկերությունների և «Սքայվյու» ՓԲԸ-ի մասին է։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին։ Դատարանը նախատեսում է շարունակել պաշտպանության առարկությունների քննարկումը և անցնել ապացուցման պարտականության բաշխման հարցին։

 

 

 

 

Leave a Comment