Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարված է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Ալ-Թանֆի ամերիկյան ռազմակայանին և վնասել այն, հաղորդում է Press TV-ն։
Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ իրանական զինուժին հաջողվել է ոչնչացնել տվյալ վայրում տեղակայված ամերիկյան ռադարներն ու ուղղաթիռները, ինչպես նաև կորուստներ պատճառել հակառակորդի անձնակազմին։
Բացի այդ, զինվորականները հայտնել են, որ «տարածաշրջանը ռադարային և հակաօդային պաշտպանության համակարգերից մաքրելու և անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների կիրառմամբ ավելի լայնածավալ հարձակումների համար պայմաններ ստեղծելու արշավի շրջանակում» Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ոչնչացրել են հակահրթիռային պաշտպանության ռադար և Հորդանանում գտնվող անգարում տեղակայված F-15 կործանիչ։ Հարձակման է ենթարկվել նաև Հորդանանի Ռուքբան շրջանը. ըստ ԻՀՊԿ-ի՝ հարձակման հետևանքով զոհվել են այնտեղ տեղակայված ԱՄՆ զինծառայողներ։
Մեկ այլ թիրախ է դարձել Բահրեյնում գտնվող Amazon-ի տվյալների կենտրոնը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թևավոր հրթիռներ է արձակել դրա ուղղությամբ և զգալի վնաս հասցրել օբյեկտին։