Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային փոփոխություններ են արվել․ Ալիկ Մկրտչյանը նշանակվել է ավագ քննիչի պաշտոնակատար, Արմեն Ադամյանն ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ։ Կոմիտեի ղեկավարի հրամանով Ալիկ Մկրտչյանը նշանակվել է ընտրական և մասնավոր ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար: Iravaban.net-ը տեղեկանում է Կոմիտեից։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի հրամանով՝ արդարադատության երրորդ դասի խորհրդական Ալիկ Արթուրի Մկրտչյանը 2026 թվականի հուլիսի 20-ից նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար՝ ի հաշիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի։

Հրամանի հիմքում դրվել է Ալիկ Մկրտչյանի՝ 2026 թվականի հուլիսի 8-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները։ Նշանակված պաշտոնատար անձի պաշտոնային դրույքաչափը սահմանվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։

Մեկ այլ հրամանով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչի(՝ ի հաշիվ Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի) պաշտոնակատար Արմեն Փաշոյի Ադամյանը 2026 թվականի հուլիսի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Պաշտոնից ազատումը կատարվել է նրա անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա։ Կոմիտեի ղեկավարի հրամանի համաձայն Ադամյանը պետք է սահմանված կարգով իրականացնի քննվող քրեական վարույթների, դիմումների, ծառայողական վկայականի և այլ գույքի հանձնում-ընդունումը։

Leave a Comment