Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներին մասնակցող հայկական բոլոր ակումբները հաղթահարեցին որակավորման առաջին փուլի արգելքը։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում հաղթել էր լատվիական «Ռիգային» (2:0, 2:3): Երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը»։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ պարտության էր մատնել Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0), իսկ «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ղազախական «Ելիմային» (1:1, 2:2, 11մ՝ 6։5): «Փյունիկի» հաջորդ մրցակիցը հունգարական «Դեբրեցենն» է, իսկ «Ալաշկերտն» ուժերը կչափի ռումինական «Կլուժի» հետ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից պայքարը սկսելու է նաև Հայաստանի գավաթակիր «Նոան», որը հանդիպելու է մոլդովական «Զիմբրուի» հետ։ Եվրագավաթների որակավորման երկրորդ փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ։