Գումարտակի հրամանատարը և կապի դասակի հրամանատարը հափշտակել է իրենց վստահված 177.5 լիտր ավտոբենզինը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է հանձնվել պաշտպանության նախարարության զորամասի երկու նախկին ծառայողների վերաբերյալ քրեական գործը, որը վերաբերում է ծառայողական լիազորությունների օգտագործմամբ պետական գույքի ենթադրյալ հափշտակությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 8-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի նախկին հրամանատար Հ․ Ա․-ն, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է իրեն վստահված 177,5 լիտր ավտոբենզին։  Նույն գործով Է․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ըստ մեղադրանքի, միջոցներ տրամադրելով օժանդակել է Հ․ Ա․-ի կողմից ենթադրյալ հափշտակության կատարմանը։

Մեղադրանքի հոդվածները և խափանման միջոցները

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոնից։

Հ․ Ա․-ի  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Է․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել նույն հուդվածով՝ որպես հանցակից։

Գործը նախ մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին, որը 2026 թվականի մայիսի 12-ին որոշել էր ստանձնել վարույթը և նախնական դատալսումը նշանակել մայիսի 21-ին։  Այնուհետև, Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունիսի 25-ի որոշմամբ դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունների դադարեցումից հետո, գործը 2026 թվականի հունիսի 30-ին վերաբաշխվել է և հանձնվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին։

Դատավոր Սարգիս Դադոյանը 2026 թվականի հուլիսի 1-ին ստանձնել է քրեական գործի վարույթը և նշանակել նոր նախնական դատալսում՝ հուլիսի 14-ին։

Ծանուցում անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment