
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին և մերձակա տարածքներին ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել, 13-ը՝ վիրավորվել են, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել, գրել է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։
Գիշերվա ընթացքում ուժգին պայթյուններ են լսվել, մինչ ուկրաինական օդուժը նախազգուշացնում էր բալիստիկ հրթիռներով հարձակման սպառնալիքի մասին։
Հրդեհ է բռնկվել հանրակացարանում, բնակելի շենքում և սուպերմարկետում, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել մի շարք ոչ բնակելի շենքերի և պահեստների, իսկ մի շարք թաղամասերում կայանված մեքենաներ և գրասենյակային շենքեր են այրվել։
Բնակիչներից մեկը պատմել է, որ իր բնակարանի ներսում էր, երբ պայթյունը պոկել է պատշգամբի դուռը, որն էլ հարվածել է իր գլխին։
«Տատիկս ինձ հետ է ապրում, ու նա չի կարողանում քայլել։ Ինչպե՞ս կարող էի փախչել ու նրան մենակ թողնել» , – ասել է նա։
Ռազմական վարչակազմի հաղորդմամբ՝ Կիևի մարզում երկու մարդ է վիրավորվել, վնասվել են այնտեղ գտնվող պահեստներ։
Նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում 8 մարդ էր զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, հայտնել էր տարածաշրջանի նահանգապետը։