
Անգլիայում ապրիլից ուժի մեջ կմտնի նոր կարգավորում, որով 16 տարեկանից փոքր երեխաներին կարգելվի գնել կոֆեինի բարձր պարունակությամբ էներգետիկ ըմպելիքներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Արգելքը կգործի խանութներում, սրճարաններում, ռեստորաններում և առցանց վաճառքի հարթակներում՝ տարածվելով այն ըմպելիքների վրա, որոնք մեկ լիտրում պարունակում են ավելի քան 150 մգ կոֆեին։ Թեյը, սուրճը և կոֆեինի ցածր պարունակությամբ գազավորված ըմպելիքները, օրինակ՝ Diet Coke-ը, սահմանափակման տակ չեն ընկնի, մինչդեռ Red Bull-ը, Monster-ը, Relentless-ը և Prime-ը կներառվեն արգելքի շրջանակում։
Կառավարության նպատակն է նվազեցնել երեխաների շրջանում ճարպակալման մակարդակը և կանխել կոֆեինի չափազանց մեծ օգտագործման հետ կապված առողջական խնդիրները՝ քնի խանգարումներ, անհանգստություն, աճ, կենտրոնացման դժվարություններ և դպրոցում վատ առաջադիմություն։ Առողջապահության նախարար Շարոն Հոջսոնի խոսքով, այս քայլը միտված է երեխաների ամենաառողջ սերունդը ձևավորելուն։ Մասնագետներն ընդգծում են, որ երեխաներն ու դեռահասները կոֆեինի նկատմամբ ավելի զգայուն են, քանի որ նրանց օրգանիզմն ու ուղեղը դեռ զարգանում են։
Նոր կարգավորումը, որը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, կիրականացվի տեղական իշխանությունների վերահսկողությամբ։ Օրենքը խախտող բիզնեսները կարող են տուգանվել մինչև 2500 ֆունտ ստեռլինգով։
Ըստ պաշտոնական տվյալների, Անգլիայում շուրջ 100 հազար երեխա ամեն օր օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնցից որոշները պարունակում են ավելի շատ կոֆեին, քան երկու բաժակ սուրճը կամ չորս շիշ կոլան։ Ներկայումս նման ըմպելիքների պիտակների վրա արդեն առկա է նախազգուշացում, որ դրանք խորհուրդ չեն տրվում երեխաներին, հղի կամ կրծքով կերակրող կանանց։
Քաղաքականությունը ողջունել է «Գիրության դեմ պայքարի առողջության դաշինքը», մինչդեռ Բրիտանական գազավորված ըմպելիքների ասոցիացիան այն համարել է ավելորդ՝ նշելով, որ ոլորտը դեռ 2010 թվականից կամավոր սահմանափակել է նման ապրանքների վաճառքի խթանումը մինչև 16 տարեկանների շրջանում։