Կառավարությունը փոխում է գործունեության միջոցառումների ծրագրի մշակման կարգը․ նախատեսվում են նոր պահանջներ և առավել խիստ մշտադիտարկում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Կառավարության հուլիսի 16-ի չզեկուցվող նախագիծը, որով որով առաջարկվում է փոխել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման և մշտադիտարկման կարգը։ Նախագծով նախատեսվում է միջոցառումները խմբավորել ըստ կառավարության նպատակների, հստակեցնել արդյունքային ցուցանիշներն ու ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև սահմանել ընթացիկ աշխատանքները ծրագրում չներառելու պահանջ։

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, կիրառության, մշտադիտարկման և հաշվետվությունների կազմման ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, և սույն նախագիծը միտված է հասցեագրելու դրանց մի մասը: Մասնավորապես, այն հստակեցնում է միջոցառումների ներկայացման ձևանմուշը` առավել հստակեցնելով նպատակների, ցուցանիշների, ֆինանսավորման հարցերը:

Առկա իրավիճակը

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման ընթացակարգում առկա են հետևյալ խնդիրները`

  • Միջոցառումները խմբավորված են ըստ գերատեսչությունների և ոչ թե Կառավարության ծրագրով սահմանված նպատակի շուրջ:
  • Առաջարկվող միջոցառումները հաճախ կրում են ընթացիկ բնույթ և չեն բխում Կառավարության ծրագրով ստանձնած հանձնառության իրականացումից:
  • Ցուցանիշների համակարգը թերի է: Մասնավորապես, անհրաժեշտ է միայն լրացնել «ակնկալվող արդյունքը», սակայն հստակ չէ, թե ինչ մակարդակի ցուցանիշի մասին է խոսքը: Արդյունքում, մարմինները հաճախ սահմանում են ուղղակի արդյունքի ցուցանիշներ, և վերջիններիս վերաբերյալ էլ ներկայացնում են հաշվետվությունները: Արդյունքում, հաշվետվությունները երբեմն ունենում են բացառապես ընթացակարգային բնույթ (օր.` որոշման ընդունում, վերապատրաստման կազմակերպում, հայեցակարգի հաստատում և այլն) և չեն ներկայացնում հանրային կյանքում տեղի ունեցած փոփոխությունը:
  • Գործնականում ֆինանսավորման չափը և աղբյուրը հստակ չեն սահմանվում: Հաճախ գերատեսչությունները նշում են «օրենքով չարգելված այլ աղբյուրներ» ձևակերպումը այն պարագայում, երբ ֆինանսավորման աղբյուրը դեռևս հստակ չէ: Սա հետագայում խոչընդոտներ է ստեղծում միջոցառումների իրագործելիության տեսանկյունից:
  • Գործող կարգավորումներով գերատեսչությունները կարող են ժամկետի փոփոխություններ առաջարկել միայն հաջորդ տարիների համար նախատեսված միջոցառումների համար, մինչդեռ ժամկետանց միջոցառումների մասով որևէ կարգավորում չի նախատեսվում և վերջիններիս կարգավիճակը և հետագա մշտադիտարկումը անորոշ են:

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները.

  • Միջոցառումների համար սահմանվում էավելի հստակ ձևաչափ, որը հասցեագրում է վերոնշյալ խնդիրների մի մասը: Մասնավորապես` սահմանվում է արգելք ներկայացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք մարմինների ընթացիկ աշխատանքն են: Այսինքն` գործողությունների ծրագիրը պետք է արտացոլի բացառապես Կառավարության ծրագրով ստանձնած հանձնառություննեը:
  • Առաջարկվում է միջոցառումները խմբավորվելոչ թե ըստ մարմինների, այլ՝ ըստ նպատակների` հետևելով Կառավարության ծրագրի տրամաբանությանը, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես են պետական կառավարման համակարգի մարմինները համատեղ աշխատում նույն նպատակին հասնելու ուղղությամբ: Այսպիսով՝ փորձ է արվում նաև ներդաշնակեցնելու սույն համակարգը ռազմավարությունների նոր համակարգի հետ:
  • Առաջարկվում է սահմանել ոչ միայն ուղղակի արդյունքի (output), այլև միջանկյալ արդյունքի (outcome) ցուցանիշներ` այդպիսով նաև ցույց տալով պետության միջամտության ազդեցությունը հանրային կյանքի վրա:
  • Ֆինանսավորման համար չափն ու աղբյուրը հստակեցնելու պահանջ է սահմանվում` բացառելով «օրենքով չարգելված աղբյուրներ» ձևակերպումը: Ընդ որում` հնարավոր է նաև ի սկզբանե առաջարկել միջոցառման իրականացումն ապահովել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով` այդպիսով նաև ազդակ ուղղելով մասնավոր հատվածին:
  • Նախագծով առաջարկվում է, որ մարմինները, հստակ հիմնավորման դեպքում, հնարավորություն ունենան առնվազն երեք ամիս առաջ փոխելու ընթացիկ տարում չկատարված միջոցառումների ժամկետները և բովանդակությունը` ապահովելով որոշակի ճկունություն, ինչպես նաև ժամկետանց միջոցառումների նկատմամբ մշտադիտարկում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի կողմից` Վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությամբ:

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխությունները միտված են նպաստելու Կառավարության ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը` միջոցառումների ծրագիրը դարձնելով առավել արդյունքամետ ու իրագործելի:

Ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի վրա

Առկա չէ:

Leave a Comment