Վաշինգտոնի վարչակազմի կողմից Կանադայի հասցեին ուղղված քննադատությունը երկրում անտառային հրդեհների վերաբերյալ անընդունելի է, և ԱՄՆ իշխանությունները պետք է դադարեցնեն սպառնալիքներ հնչեցնելը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի Օնտարիո նահանգի նահանգապետ Դուգ Ֆորդը։
Նա ընդգծել է, որ «(ԱՄՆ) վարչակազմի կողմից արված հայտարարությունները բացարձակապես անընդունելի են»։ «Ես շատ եմ ցավում, որ ԱՄՆ վարչակազմը և Կոնգրեսի անդամները նամակներ են ուղարկում, մեղադրում են մեզ և այլն», – ասել է Ֆորդը։ Նա նշել է, որ Կանադան նախկինում ԱՄՆ-ին օգնություն է ցուցաբերել անտառային հրդեհների մարման գործում։ «Դա ajn է, ինչ անում են հարևանները, այնպես չէ՞։ Մի շտապեք սպառնալիքներ և քննադատություններ հնչեցնել», – հավելել է Ֆորդը։
«Ես առաջարկ ունեմ նախագահ (ԱՄՆ) Թրամփին. ինչո՞ւ չեք վերացնում փափուկ փայտանյութի մաքսատուրքերը։ Որովհետև շենքերի շինարարության մեջ օգտագործվող փայտանյութի 33%-ը գալիս է Կանադայից», – հավելել է Ֆորդը։ Նա ասել է, որ մաքսատուրքերի նվազեցումը կօգնի կանադական իշխանություններին «լուծել հրդեհների կանխարգելման և մարման հարցում նրանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ»։ Օնտարիոն Կանադայի այն նահանգներից մեկն է, որն այժմ անտառային հրդեհների ամենածանր իրավիճակն է ապրում։
Հուլիսի 17-ին Թրամփը սպառնացել է Կանադային բարձրացնել մաքսատուրքերը անտառային հրդեհների պատճառով, որոնց ծուխը ծածկել է մի քանի խոշոր ամերիկյան քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոնը, Նյու Յորքը, Դետրոյթը, Միչիգանը և Չիկագոն, Իլինոյս: Թրամփը շեշտել է, որ Վաշինգտոնի վարչակազմը «պատասխանատու է համարում Կանադային այն փաստի համար, որ նրանք պատշաճ կերպով չեն պահպանում իրենց անտառները»: Նա պնդել է, որ սա հանգեցնում է «անտեղի, զզվելի, կեղտոտ և վնասակար օդի ներթափանցմանը Միացյալ Նահանգներ»:
Կանադայի արտակարգ իրավիճակների պատրաստվածության և համայնքային դիմադրողականության նախարար Էլեոնոր Օլշևսկին հետագայում CBC-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Ես չեմ կարծում, որ Օնտարիոյի անտառային հրդեհների հետ կապված որևէ սխալ բան է արվել»: Նա նաև գրավոր հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Կանադայի կառավարությունը «2020 թվականից ի վեր 12 միլիարդ դոլար է հատկացրել անտառային կառավարման և հրդեհների կանխարգելման համար»:
Կանադական իշխանությունների տվյալներով՝ երկրում ներկայումս այրվում է մոտ 950 անտառային հրդեհ, որոնցից մոտ 150-ը դեռևս չեն վերահսկվում: