Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոխել կենսաթոշակային, պետական նպաստների և հաշմանդամության գնահատման գործընթացում ձևավորված թղթային գործերի պահպանման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է, որ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում տեսաներածված փաստաթղթերի թղթային տարբերակներն այլևս չեն պահպանվի և թվայնացումից հետո կկարողանան ոչնչացվել։ Կառավարության գնահատմամբ՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ազատել շուրջ 2500-3000 քմ արխիվային տարածք, ինչպես նաև ապահովել փաստաթղթերի ավելի արագ որոնում, անվտանգ և երկարաժամկետ պահպանում՝ առանց թղթային արխիվների կուտակման։
Նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննությամբ փորձաքննված անձանց թղթային կրիչներով գործերի պահպանման ժամկետների վերանայման անհրաժեշտությամբ։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 2013 թվականի հունվարի 1-ից
Միասնական սոցիալական ծառայությունում ներդրվել է «Կենսաթոշակառուների հաշվառման միասնական ՏՀ» համակարգը (այսուհետ ՏՀ համակարգ)։ Կենսաթոշակների և պետական նպաստների (ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում) նշանակման (իրավունքի և վճարման դադարեցման) վերահաշվարկաման համար շահառուի կողմից ներկայացվող անհրաժեշտ (թղթային կրիչով) փաստաթղթերը տեսաներածվում են ՏՀ համակարգ և վերադարձվում դիմումատուին: Տեսաներածված փաստաթղթերի հիմքով կազմվում է էլեկտրոնային կենսաթոշակի (նպաստի) գործ: Ընդ որում 2013 թվականից ի վեր ՏՀ համակարգի արդիականացման, լավարկման, ինչպես նաև տեղեկատվական հոսքերի կառավարման ենթահամակարգերի ներդրման արդյունքում կենսաթոշակի, նպաստի նշանակման,վճարման,վերահաշվարկման և անհրաժեշտ այլ գործողությունների համար օգտագործվում է նաև հասանելի էլեկտրոնային տվյալներ: Ըստ այդմ ՏՀ համակարգի ներդրումից հետո մինչև 2013 թվականի հունիսի 1-ը նշանակված կենսաթոշակների գործերից հաշմանդամության, երկարամյա ծառայության, մասնակի և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի գործերը նույնպես տեսաներածվել են ՏՀ համակարգ:
Այսպիսով, խնդրահարույց է դառնում (մինչև 2013թվականը նշանակված գործերի) նշված խմբի շահառուների կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո թղթային կրիչով գործերը միայն 10 տարի պահանելուց հետո ոչնչացնելու գործող իրավակարգավորումը: Նույնական խնդիր առկա է նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման» համակարգում, որտեղ էլեկտրոնային տեղեկատվական տվյալների հաշվառման «Փյունիկ» և «e-disability» համակարգերի շահագործմանը զուգահեռ պահպանվում են թղթային կրչներով արխիվային տվյալներ: Միաժամանակ, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտների հիվանդության պատմագրերի պահպանության համար գործադիրը սահմանել է 25 տարվա պահպանության ժամկետ, մինչդեռ նույն փատաթղթերի հիմքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում փաստաթղթերի պահպանության համար սահմանվել է՝ 50 տարի, որը ողջամիտ չէ:
Առաջարկվող կարգավորումների բնույթը Սույն նախագծով առաջարկվում է՝
1) Կենսաթոշակի, նպաստի թղթային կրիչով գործերի տվյալները «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգ» տեսաներածելուց հետո ոչնչացնել:
2) Բժշկասոցիալական փորձաքննությամբ փորձաքննված՝ հաշմանդամություն ունեցող անձանց թղթային կրիչով գործերի տվյալները «ՓՅՈՒՆԻԿ» տեղեկատվական համակարգ տեսաներածելուց հետո ոչնչացնել:
Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում հնարավոր կլինի Միասնական սոցիալական ծառայության շուրջ 2500-3000մ² վարչական տարածք ազատել արխիվային փաստաթղթերից։ Միաժամանակ, փաստաթղթերի տեսաներածումը թույլ կտա ապահովել արագ որոնում, երկարաժամկետ և անվտանգ պահպանում (առանց վարչական տարածքները թղթային փաստաթղթերով ծանրաբեռնելու) և պաշտպանություն ֆիզիկական մաշվածությունից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր», ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ Նախագծի կապը բացակայում է:
Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից: