Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իրավաբանների հետ խորհրդակցում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերի հիման վրա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրինականության հարցով՝ հրեական պետության ղեկավարի մեգապոլիս ժամանելու դեպքում։
«Ես կարծում եմ, որ վարչապետ Նեթանյահուի տեղը Հաագայում է, նա ռազմական հանցագործ է, որի դեմ ՄՔԴ-ն մեղադրանքներ է առաջադրել»,- ասել է Մամդանին՝ պատասխանելով սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի շաբաթին Նեթանյահուի այցի դեպքում նրա հնարավոր ձերբակալության մասին հարցին: «Ակտիվ քննարկումներ են ընթանում մեր իրավաբանական բաժնի հետ, թե ինչ տարբերակներ կան մեր քաղաքապետարանում»։
Միևնույն ժամանակ մեգապոլիսի քաղաքապետը հայտարարել է, որ մտադիր չէ Իսրայելի վարչապետին կալանավորելու համար արհեստականորեն իրավական նորմեր ստեղծել։ «Երկրի մակարդակով մենք երբեմն տեսնում ենք սեփական օրենքներ գրելու և օրինականության շրջանակներից դուրս գալու ցանկություն։ Մեզ դա հետաքրքիր չէ»,- ընդգծել է նա։
2024 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն Գազայի հատվածում հակամարտության առնչությամբ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել։ Իսրայելը դատարանի իրավազորությունը չի ճանաչում։
