ԿԿՀ-ն օրենսդրական բացեր է արձանագրել. ինչու են վարքագծի կանոնների խախտումները հաճախ մնում առանց լիարժեք հետևանքների

Iravaban.net-yը ուսումնասիրել է ԿԿՀ 2025 թվականի տարեկան հաղորդումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի տարեկան հաղորդման ամենահետաքրքիր բաժիններից մեկը վերաբերում է ոչ թե արձանագրված խախտումներին, այլ հենց օրենսդրության թերություններին։ Հանձնաժողովը փաստում է, որ գործող իրավակարգավորումների մի շարք բացեր գործնականում խոչընդոտում են վարքագծի կանոնների, շահերի բախման և անհամատեղելիության պահանջների արդյունավետ վերահսկողությանը։ Հաղորդումը ոչ միայն արձանագրում է խնդիրները, այլև առաջարկում դրանց լուծման կոնկրետ ուղիներ։

Հանձնաժողովի կողմից արձանագրված ամենակարևոր խնդիրներից մեկը վերաբերում է այն դեպքերին, երբ պաշտոնատար անձի վարքագծի կանոնների կամ շահերի բախման խախտումը հաստատվում է։

Գործող օրենքը պարտավորեցնում է նման անձանց հրապարակային պարզաբանում ներկայացնել, սակայն չի սահմանում, թե դա ինչ ժամկետում պետք է արվի և ինչ պատասխանատվություն է նախատեսվում, եթե պարզաբանումը չներկայացվի։

ԿԿՀ-ն առաջարկում է.

  • սահմանել հստակ ժամկետ,
  • նախատեսել վարչական պատասխանատվություն,
  • բացառել ամիսներով կամ ընդհանրապես պարզաբանում չներկայացնելու պրակտիկան։

Սոցիալական ցանցերում պաշտոնյաները հաճախ չեն տարանջատում անձնականն ու պաշտոնականը

Հանձնաժողովը բարձրացնում է մի խնդիր, որն առաջին հայացքից տեխնիկական է թվում, սակայն կարող է ազդել պետական իշխանության հեղինակության վրա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ պաշտոնատար անձինք Facebook-ի և այլ սոցիալական ցանցերի նույն էջում միաժամանակ հրապարակում են ինչպես անձնական կարծիքներ, այնպես էլ պաշտոնական հայտարարություններ։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ պաշտոնական էջերով կատարված հրապարակումները կարող էին բացասաբար անդրադառնալ հանրային իշխանության հեղինակության վրա։

Այս խնդրի լուծման նպատակով ԿԿՀ-ն նախաձեռնել է միասնական ուղեցույցի մշակումը, որը նախատեսվում է իրականացնել վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությամբ։

Մեկ տարվա վաղեմության դիմումները իրավական «մոխրագույն գոտում» են

Գործող օրենքով սահմանված է, որ խախտման վերաբերյալ դիմումը քննության է առնվում, եթե ներկայացվել է խախտումից մեկ տարվա ընթացքում։ Սակայն նույն օրենքը չի նախատեսում, որ մեկ տարուց ուշ ներկայացված դիմումը կարող է առանց քննության թողնվել։ Արդյունքում առաջանում է իրավական հակասություն, որը գործնականում դժվարություններ է ստեղծում Հանձնաժողովի աշխատանքի համար։

ԿԿՀ-ն առաջարկում է օրենքում հստակ ամրագրել, որ նման դեպքերում դիմումը կարող է առանց քննության թողնվել։

Հանձնաժողովը մատնանշում է ևս մեկ կարևոր բաց։ Օրենքը չի սահմանում, թե ինչ բովանդակություն պետք է ունենա պաշտոնատար անձի հրապարակային պարզաբանումը։ Դրա հետևանքով գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ պաշտոնյան, փոխանակ բացատրելու խախտման պատճառները, պարզապես հերքել է Հանձնաժողովի եզրակացությունը։

ԿԿՀ-ի գնահատմամբ՝ նման մոտեցումը հակասում է հաշվետվողականության գաղափարին։ Այդ պատճառով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ պարզաբանումը պետք է վերաբերի խախտման հանգամանքներին և պատճառներին, այլ ոչ թե կրկին վիճարկի արդեն հաստատված եզրակացությունը։

Էթիկական կանոններն ու կարգապահական կանոնները հաճախ խառնվում են

Հաղորդման համաձայն՝ մի շարք պետական մարմիններում ներքին կարգապահական կանոնները ներառում են նաև էթիկական նորմեր, մինչդեռ դրանք պետք է կարգավորվեն վարքագծի կանոնագրքով։

Այս իրավիճակը, ըստ Հանձնաժողովի, կարող է ստեղծել իրավական անորոշություն, քանի որ վարքագծի կանոնների խախտումները և կարգապահական խախտումները քննվում են տարբեր ընթացակարգերով։

Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, Քննչական կոմիտեին, ոստիկանությանը, փրկարար ծառայությանը և քրեակատարողական համակարգին։

ԿԿՀ-ն քննադատում է նաև վարույթների հարուցման ժամկետները։ Օրենքը նախատեսում է ընդամենը հինգ օր որոշելու համար՝ վարույթ հարուցե՞լ, մերժե՞լ, թե՞ վերադարձնել դիմումը։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ նման կարճ ժամկետում հնարավոր չէ կատարել անհրաժեշտ հարցումներ, հավաքել փաստեր և իրականացնել լիարժեք նախնական ուսումնասիրություն։

ԿԿՀ-ն առաջարկում է.

  • նախնական ուսումնասիրության օրենսդրական հնարավորություն,
  • ավելի երկար ժամկետներ,
  • կրկնակի դիմումների քննության հստակ կարգավորում,
  • նույն փաստերի վերաբերյալ կրկնվող դիմումների մերժման հստակ հիմքեր։

Հանձնաժողովը բարձրացնում է նաև վարչական դատավարության խնդիր։

Գործող կարգավորումներով որոշ դեպքերում վարչական դատարանի որոշումը վերջնական է, նույնիսկ եթե դատարանը, ԿԿՀ-ի գնահատմամբ, դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և փաստի փոխարեն իրավական գնահատական է տվել։

Հանձնաժողովն առաջարկում է օրենսդրական փոփոխություն, որը նման իրավիճակներում կապահովի բողոքարկման հնարավորություն։

Leave a Comment