Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Արգենտինայի ազգային հավաքականի նկատմամբ Անգլիայի ընտրանու հետ խաղից հետո գրանցված սկանդալային միջադեպի համար։
Հավաքականի հաղթանակը տոնելիս արգենտինացի մի քանի ֆուտբոլիստ պարզել էին պաստառ, որի վրա գրված էր, թե Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային, ինչը համարվում է կանոնակարգի խախտում։
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ անկախ կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է հանդիպումների վերաբերյալ բոլոր զեկույցները, սակայն նախքան թիմերին կանոնակարգը խախտելու համար պատժելը հաշվի է առնում համապատասխան հանգամանքները։ Ֆեդերացիան հաստատել է, որ նման քաղաքական ուղերձն ակնհայտորեն հակասում է կազմակերպության կանոններին, սակայն մոտ ժամանակներս Արգենտինայի հավաքականը չի ենթարկվի պատժամիջոցների։
Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիները վիճելի տարածք են, որին հավակնում են Բուենոս Այրեսն ու Լոնդոնը, և որի շուրջ վեճերը ժամանակին վերաճել են պատերազմի։ Երկրների միջև զինված հակամարտությունը տևել է 1982 թվականի ապրիլի 2-ից և շարունակվել մինչև հունիսի 14-ը։