Շենգենյան վիզայի մերժման հիմնական պատճառները Հայաստանում

Վիզայի մերժման ամենատարածված պատճառը հայրենիքի հետ ամուր  կապերի ոչ բավարար հիմքեր ներկայացնելն է։ Հյուպատոսություններն  առանձնակի ուշադրություն են դարձնում զբաղվածության և եկամտի  կայունությանը, սեփականության/գույքի և ընտանեկան կապերի  առկայությանը։

Երկրորդ պատճառը ճամփորդության նպատակի մասին ոչ հստակ կամ  անարժանահավատ տեղեկություններ տրամադրելն է։

Անտրամաբանական երթուղիներ նշող, կասկածահարույց ամրագրումներ  կամ հրավերներ պարունակող դիմումները շատ հաճախ հանգեցնում են  մերժման՝ կասկածներ առաջացնելով առ այն, թե արդյոք ճամփորդությունը  տեղի կունենա այն պայմաններով, որոնցով հայտարարվել է։ Ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելը ևս մեկ որոշիչ գործոն  է։ Դիմողները պետք է ապացուցեն, որ կարող են ամբողջությամբ հոգալ  ճամփորդության հետ կապված բոլոր ծախսերը։ Փոքր մնացորդով,  անկանոն եկամտով կամ մինչև դիմումի ներկայացման օրը հանկարծակի  ի հայտ եկած խոշոր մուտքեր արտացոլող բանկային քաղվածքները  հյուպատոսությունների կողմից շատ հաճախ վստահության չեն  արժանանում:

Նույնչափ կարևոր է ներկայացվող փաստաթղթերի արժանահավատությունն ու իսկությունը։ Զբաղվածության և աշխատավարձի  մասին կեղծ տեղեկանքներ, անբարեխիղճ ճանապարհով ստացված  բանկային քաղվածքներ, ձեռնարկատիրական գործունեության մասին  չհիմնավորված տեղեկություններ ներկայացնելու տարածված երևույթը  հյուպատոսություններին ստիպում է հսկողության ավելի խիստ միջոցներ  կիրառել։ Անգամ մեկ կասկածելի դրվագը կարող է ստվեր նետել ամբողջ  դիմումի վրա:

Մերժմանը հանգեցնող հավանական գործոններից մեկը նաև  ճամփորդությունների սահմանափակ կամ բացակայող պատմությունն  է։ Միջազգային ճամփորդությունների պատմություն չունեցող դիմողները  համարվում են ավելի ռիսկային, հատկապես եթե դիմում են երկարաժամկետ  այցելությամբ կամ բազմակի մուտքի վիզայի համար։ Որպես այդպիսին,  ճամփորդությունների պատմության բացակայությունը մերժման պատճառ  լինել չի կարող, սակայն դա կարող է հաշվի առնվել հարակից հարցերի  ուսումնասիրման ընթացքում։

Վիզայի մերժման հաճախակի պատճառներից մեկը այսպես կոչված  «վիզա շոփինգն է» (անգլ. «visa shopping»)։ Դա այն երևույթն է, երբ  քաղաքացին վիզայի դիմումը միտումնավոր ներկայացնում է այն երկրի  հյուպատոսություն, որը նրա ճամփորդության հիմնական ուղղությունը չէ,  կամ եթե այդ երկիր նրա այցելության վերաբերյալ չկան վստահելի հիմքեր,  սակայն քաղաքացին համարում է, որ տվյալ հյուպատոսություն դիմելու  դեպքում վիզա ստանալու հավանականությունը մեծ է։ Եթե հայտարարված  ուղղությունն ու ընտրված հյուպատոսությունը տարբեր են, կամ ի հայտ  են գալիս փաստեր, որ դիմողն ի սկզբանե պատրաստվում է ճամփորդել  մեկ այլ ուղղությամբ, ապա դա հաճախ հանգեցնում է մերժման, քանի որ  դիմումն այլևս համարվում է ոչ արժանահավատ։

Բացի այդ ամենը, շենգենյան գոտու տարածքում կամ այլուր դիմողի կողմից  նախկինում կատարված՝ միգրացիոն կանոնների և արտոնված ժամկետի  խախտումները վճռորոշ բացասական նախադեպ են ստեղծում։ Նման  դեպքերում նույնիսկ ոչ էական անհամապատասխանությունը կարող է  բացասաբար ազդել դիմումի գնահատման վրա:

Որպես ամփոփում կարող ենք փաստել, որ մերժումների մեծ մասի հիմքում  ընկած է արժանահավատության պակասը. դիմողը ներկայացրած չի  լինում Հայաստանում իր կայուն սոցիալ-տնտեսական կարգավիճակը  փաստող բավարար հիմքեր, կամ էլ ներկայացված փաստաթղթերի  ուսումնասիրության ընթացքում ճամփորդության հայտարարված նպատակի  ու ծրագրի կառուցվածքի հավաստի ապացույցներ չեն հայտնաբերվում։

Հստակությունն, ազնվությունն ու իրավական կարգապահությունը,  հատկապես՝ «վիզա շոփինգի» արատավոր պրակտիկայից զերծ մնալը,  առանցքային նշանակություն ունեն ցանկալի արդյունքին հասնելու  տեսանկյունից։

Շենգենյան վիզայի դիմում-հարցաթերթիկը լրացնելիս և հիմնավորող  փաստաթղթերը պատրաստելիս անհրաժեշտ է հատուկ ուշադրություն  դարձնել ներկայացվող տեղեկությունների ամբողջականությանը,  ճշգրտությանն ու արժանահավատությանը: Մերժումը շատ հաճախ  ստացվում է ոչ թե որևէ փաստաթղթի, այլև ներկայացված տեղեկությունների  միջև տրամաբանական կապի բացակայության պատճառով:

Դա նշանակում է, որ դիմողը պետք է հստակ ու հիմնավոր կերպով  ներկայացնի

  • Ճամփորդության իրական նպատակը
  • Ճամփորդության հետ կապված ծախսերը հոգալու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության  ապացույցները
  • Ճամփորդական բժշկական ապահովագրության վկայագիրը
  • Շենգենյան գոտում բնակվելու վայրի վերաբերյալ ապացույցը
  • Այցելությունից հետո Հայաստան վերադառնալու հստակ  մտադրությունը հիմնավորող փաստեր, ինչպես օրինակ՝ կայուն  աշխատանք, ընտանեկան կապեր, սեփական բիզնես, ընթացիկ  կրթություն կամ անշարժ գույքի առկայություն

Հիշեցնենք, որ հյուպատոսությունները մշտապես ուշադրության կենտրոնում  են պահում ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների  արժանահավատությունը։ Մինչև դիմումը ներկայացնելու օրը դիմողի  հաշվին հանկարծակիորեն հայտնված խոշոր գումարները, եկամտի ոչ  արժանահավատ աղբյուրները, հյուրանոցի կեղծ ամրագրումները կամ թերի  փաստաթղթերը հաճախ հանգեցնում են մերժման։

Աղբյուրը՝ Արտաքին գործերի նախարարություն

Leave a Comment