Կարկուտը ոչնչացրել է Բաղրավանի բերքը․ նախրապանը հիվանդանոցում է – armeniatoday.am

Կարկուտն ու ուժեղ քամին հուլիսի 17-ի երեկոյան ոչնչացրել են Շիրակի մարզի Բաղրավան գյուղի բերքը՝ մեծ վնաս պատճառելով բնակիչներին, հայտնել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը։

Տարերքից վնասվել են տանիքներ, շինություններ և ծառեր, փշրվել են մեքենաների դիմապակիներ, նշել է նա։

Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Նա կարկուտի ժամանակ սարերում է գտնվել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասներ է ստացել, տեղեկացրել է Թումասյանը։

Թումասյանը հրապարակել է փոթորկի հետևանքների կադրեր, որտեղ երևացող վնասը նկարագրում է «իսկական աղետ»։

ՀԷՑ-ից տեղեկացնում են, որ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

Ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով, նշել են ՀԷՑ-ից։

Leave a Comment