«Իսրայէլի Համար Հետեւանքները Սարսափելի Են Լինելու». Արամ Շահնազարեան

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացուած օդային հարուածներից յետոյ Միացեալ Նահանգները սկսեց հարուածներ հասցնել նաեւ Իրանին: Իրանը պատասխանեց տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին: «Հրապարակ»-ը Իրանի հարցերով փորձագէտ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարեանի հետ փորձեց հասկանալ, թէ ի՞նչ է տեղի ունենում Իրանի շուրջ:

«ՀՐԱՊԱՐԱԿ».- Թւում էր, թէ ԱՄՆ-ն ու Իրանը վերջապէս բանակցում են, սակայն փոխըմբռնման յուշագրից յետոյ նորից ԱՄՆ-ն հարուածեց Իրանին, սա դառնում է երկարատեւ ու հիւծո՞ղ պատերազմ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ.- Առիթ ունեցել եմ ասելու, որ սա չաւարտուած պատերազմ է, որն իր տրամաբանական աւարտին չի հասել, եւ հրադադարը, որ հաստատուել է, չափազանց փխրուն է, եւ բանակցութիւններում յաջողութեան հասնելու հաւանականութիւնն էլ յարաբերական է: Կայ շատ կարեւոր հանգամանք` Իրանը թելադրող դիրքում է. այն պայմանները, որոնցով կողմերը համաձայնել էին նստել բանակցութիւնների սեղանի շուրջ, միանշանակօրէն Իրանին ձեռնտու էին, եւ սա ենթադրել է տալիս, որ Միացեալ Նահանգներն ու Թրամփի վարչակազմը դժուար թէ կարողանան համաձայնել դրանց հետ ու այդ պայմաններով նստել բանակցութիւնների շուրջ: Իսրայէլի գործօնը, ի հարկէ, դերակատար է, բայց ես կ՛ասէի` այս փուլում ոչ այդքան ուղղակի, որովհետեւ ներկայ դրութեամբ այս պայմանները ձեռնտու չեն ԱՄՆ-ին, եւ իրենք փորձելու են դա փոխել: 3 կարեւոր բան է խախտել ԱՄՆ-ն. առաջինն այն էր, որ մինչ բանակցութիւնների վերջնական աւարտը, համաձայնագրի ստորագրումը եւ Հորմուզի նեղուցի կարգավիճակի յստակեցումը, նեղուցից նաւարկութիւնը տեղի է ունենալու Իրանի վերահսկողութեան ներքոյ:

«Հ.».- Բայց ԱՄՆ-ն այլ բան է յայտարարում:

Ա. Շ.- ԱՄՆ-ն այլ բան յայտարարեց, փորձեց սա խախտել եւ փորձեց Օմանի տարածքով այլ միջանցք ստեղծել, որպէսզի իր վերահսկողութեան ներքոյ տեղի ունենար, այսպէս կոչուած, անցումը: Դա շատ կարեւոր հանգամանք էր, որը խախտուեց, եւ Իրանը արձագանգեց: Ու հիմա, ինչքան էլ Թրամփն իրեն կոտորի ու յայտարարի, որ բաց է նեղուցը, իրականում բոլորը խօսում են այն մասին, որ նեղուցը փակ է, որեւէ երթեւեկութիւն տեղի չի ունենում: Երկրորդը կապուած էր Իրանի սառեցուած փողերի հետ, որի որոշակի մասը պիտի ապասառեցուէր, եւ սա եւս խախտուեց. ԱՄՆ-ը սկսեց պայմաններ թելադրել, այս դէպքում պայմանաւորուածութիւնների խախտում էր դա: Եւ երրորդը վերաբերում էր Իրանի նաւթի վաճառքի դէմ սահմանուած պատժամիջոցների չեղարկմանը` բանակցութիւնների ընթացքում, ինչը նոյնպէս խախտուել է: Այս հիմնական դրոյթները խախտուել են, ԱՄՆ-ն հարուածում է Իրանին, եւ Իրանն էլ պատասխան հարուածներ է հասցնում: Հիմա մենք կարող ենք ասել, որ կողմերի միջեւ որեւէ բանակցութիւն տեղի չի ունենում, այն բանակցային խմբերը, որ պիտի ձեւաւորուէին ու աշխատէին, այդ մասին որեւէ տուեալ չկայ:

«Հ.».- Իսրայէլական կողմի շահագրգռութիւնը, ի հարկէ, հասկանալի է, նոյնիսկ մամուլում լուր հրապարակուեց, որ իսրայէլցիները մահափորձ են ուզում իրականացնել Ապպաս Արաղչիի ու Ղալիպաֆի դէմ: ԱՄՆ-ի կողմից պայմանների խախտման հարցում իսրայէլական կողմի մե՞ղքն է, թէ՞ ԱՄՆ-ն սեփական դէմքը փրկելու, ընտրութիւններից առաջ քաղաքական շահ ապահովելու համար է անում:

Ա. Շ.- Ե՛ւ-ե՛ւ, որովհետեւ այդ փուլում ակնյայտ էր, որ Իսրայէլը փորձելու է ցանկացած գնով տապալել, եւ մանաւանդ յստակ է այն տեղեկութիւնը, որ թիրախաւորելու է բանակցային երկու գլխաւոր դէմքերին` Ղալիպաֆին եւ Արաղչիին: Միացեալ Նահանգները փորձեց դա չէզոքացնել` թէ՛ իր դէմքը փրկելու, թէ՛ սաղմնային վիճակում գտնուող գործընթացը չվիժեցնելու համար, սա յստակ էր: Բայց ես նշեմ, որ հիմա շատ բան է փոխուել առաջին օրերի համեմատութեամբ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կը փորձի գնալ նման արկածախնդրութեան, այսինքն` շարքից հանել բանակցային գործընթացի կարեւորագոյն դէմքերին, մանաւանդ նրանց, որոնք պատասխանատուութիւն են կրում բանակցային գործընթացի համար: Չեմ էլ կարծում, որ Իսրայէլը ներկայ դրութեամբ կը փորձի գնալ նման արկածախնդրութեան, քանի որ այդ դէպքում պատերազմի հետեւանքներն Իսրայէլի համար սարսափելի են լինելու, յատկապէս որ իսրայէլական փորձագիտական շրջանակները խօսում են այն մասին, որ պատերազմից յետոյ Իսրայէլի ո՛չ պաշտպանական, ո՛չ յարձակողական զինանոցը վերականգնուած չէ` ներքաշուելու համար մէկ այլ լայնածաւալ պատերազմի մէջ:

«Հ.».- Պատերազմը բաւականին ծանր ու հիւծիչ էր նաեւ Իրանի համար, ու չնայած Իրանի հասարակութիւնը միաւորուեց, բայց խնդիրները դեռեւս կան, որքա՞ն կը դիմանայ Իրանը:

Ա. Շ.- Պատերազմն իր հետեւանքներն է ունեցել Իրանի համար` թէ՛ ենթակառուցուածքային, թէ՛ տնտեսական, թէ՛ մարդկային պաշարների առումով: Սա ակնյայտ է, ոչ ոք չի կարող հակառակը պնդել: Իրանը տնտեսական լուրջ խնդիրներ ունի, եւ պատերազմն ու դրան հետեւած ճնշումներն աւելի են սաստկացրել այդ տնտեսական խնդիրները, բայց երկրի դիմադրողականութիւնը պահպանւում է: Դրա վառ ապացոյցն անցեալ շաբաթ հանգուցեալ հոգեւոր առաջնորդի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւններն էին, որոնք վերածուեցին աննախադէպ, այսպէս կոչուած, քաղաքական ուժի ցուցադրութեան միջազգային ասպարէզում, յատկապէս որ արեւմտեան կողմն էլ է խոստովանում միլիոնաւոր մասնակցութեան մասին, իրանական շրջանակները, յենուելով իրենց ունեցած տուեալների վրայ, նշում են 40-43 միլիոն մարդու մասնակցութեան մասին: Եւ շատ մեծ էր թիւը նրանց, որոնք ցանկանում էին, սակայն չկարողացան մասնակցել: Նաեւ յուղարկաւորութեան արարողութիւնը, որը տեղի ունեցաւ Իրաքում` Նաժաֆ եւ Քարպալա քաղաքներում: Դա եւս ուժի իւրայատուկ ցուցադրում էր, Իրանի տարածաշրջանային դերակատարման, տարածաշրջանային ազդեցութեան ցուցիչ: Պատմութեան մէջ եզակի դէպքերից էր երեւի` երկրի առաջնորդի համար նման ծաւալներով յուղարկաւորութիւն են կազմակերպում այլ երկրում:

«Հ.».- Իսկ որքա՞ն կարող է դիմանալ Իրանը:

Ա. Շ.- Քաղաքական առումով Իրանը պատրաստ է, ինչ վերաբերում է ռազմական առումով, բոլորը գիտեն, որ թէեւ Թրամփը թէ՛ 12-օրեայ պատերազմի, թէ՛ դրանից յետոյ, թէ՛ 40-օրեայ պատերազմի, թէ՛ այս ընթացքում բազմիցս յայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի օդուժը, ոչնչացրել է Իրանի ծովուժը, հրթիռային եւ ԱԹՍ հնարաւորութիւնները, բայց փաստը մնում է փաստ, որ Իրանը դրանք պահպանում է, Իրանը շատ արագ վերականգնում է իր ռազմական ներուժն այդ առումով, եւ այն պատասխան հարուածները, որ հասցնում է, դրա պարզ ապացոյցն է: Ռազմական առումով թէեւ կորուստները մեծ են եղել, բայց բոլոր տուեալները փաստում են այն, որ Իրանը կարողանում է շատ արագ վերականգնել այդ ամէնը եւ պատասխան հարուածներ տալ: Իսկ ենթակառուցուածքների առումով, այո՛, մեծ են կորուստները, այստեղ եւս փորձ է արւում վերականգնուելու: Այն, թէ արդեօք Իրանը կը կարողանա՞յ վերականգնուել, տեսականօրէն, այո՛, բոլոր տուեալները խօսում են այն մասին, որ Իրանը հնարաւորութիւն ունի մտնելու հերթական համաչափ ձեւաչափով պատերազմի մէջ:

«Հ.».- Իսկ ինչպիսի՞ն են լինելու այդ պատերազմի ծաւալները:

Ա. Շ.- Այդ պատերազմի ծաւալները շատ աւելի մեծ են լինելու, քան` անցած 40-օրեայ պատերազմի ծաւալները:

«Հ.».- Այսինքն Իրանը ժամանակն ի զուր չի կորցրել:

Ա. Շ.- Չի կորցրել,12-օրեայ պատերազմը, որն անցած տարի ամրանը տեղի ունեցաւ, շատ կարեւոր փորձադաշտ էր Իրանի համար: Իրանը կարողացաւ գտնել թէ՛ իր թոյլ կողմերը, թէ՛ բացերը, թէ՛ ուժեղ կողմերը, թէ՛ այն ռազմավարութիւնն ու մարտավարութիւնը, որ պիտի կիրառի: Բայց պիտի նշեմ, որ Իրանը բացարձակապէս ցանկութիւն չունի պատերազմի մէջ ներքաշուելու: Որպէս պետութիւն` ամէն ինչ անելու է մինչեւ վերջին պահը` խուսափելու պատերազմից, բայց եթէ, այսպէս կոչուած, ձեռնոցը նետուեց, կը պատերազմեն, ի հարկէ: Մի շատ կարեւոր նրբութիւն էլ կայ. հանգուցեալ հոգեւոր առաջնորդի յուղարկաւորութեան ժամանակ, թաղման արարողութեան ժամանակ միլիոնանոց մասնակիցների պահանջը մի բան էր` չընկրկել թշնամու առջեւ, չհրաժարուել այն բոլոր կարմիր գծերից, որոնք ժամանակին նշել էր հանգուցեալ առաջնորդը, պահպանել այդ բոլոր կարմիր գծերը եւ մանաւանդ լուծել հանգուցեալ առաջնորդի եւ մնացեալ բոլոր նահատակների վրէժը: Սրանք կարեւոր պատգամներ էին` հասարակութեան կողմից յղուած, որոնց հետ պէտք է հաշուի նստել: Եւ այդ պահանջը որոշակիօրէն հանրութեան կողմից կայ, անմիջապէս յուղարկաւորութեան արարողութիւնից յետոյ նոր գերագոյն գլխաւոր առաջնորդը հանդէս եկաւ երախտագիտութեան ուղերձով` ուղղուած ժողովրդին, մասնակիցներին, որտեղ նշեց, որ ամէն գնով ժամանակի ընթացքում յարմար առիթին լուծելու են ոչ միայն առաջնորդի, այլեւ բոլոր նահատակների արեան վրէժը: Սա նաեւ շատ կարեւոր քաղաքական պատգամ էր: Սա ուղղուած էր բոլորին, եւ որ` իրենք չեն պատրաստւում հրաժարուել իրենց կարմիր գծերից, սկզբունքներից ու այն ամէն ինչից, ինչը բխում է իրենց ազգային անվտանգութեան շահերից: Թէ այդ վրէժը ե՞րբ ու ո՞նց կը լինի, ոչ ոք չի կարող ասել:

Leave a Comment