ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով տրամադրվող հավելավճարների կարգում՝ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Նախագծով «ոստիկանության զորքեր» ձևակերպումը կփոխարինվի «ոստիկանության գվարդիա»-ով, ինչպես նաև ուժը կկորցնեն այն պաշտոններին վերաբերող կարգավորումները, որոնք նոր կառուցվածքում այլևս նախատեսված չեն։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Կառավարությունից։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Ոստիկանության զորքերի մասին» ՀՕ-163 օրենքը, և ուժի մեջ է մտել «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՕ-430-Ն օրենքը։ Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության զորքերի գործունեությունը դադարել է, և ոստիկանության համապարփակ բարեփոխումների շրջանակում ստեղծվել է ոստիկանական նոր կառույց՝ Ոստիկանության գվարդիան։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 1857-Ն որոշմամբ հաստատված հավելվածին համապատասխանեցված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զինվորական ծառայության պաշտոնների անվանացանկի պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինվորական կոչումները Ոստիկանության գվարդիայի կազմում չեն ներառվել։
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 1-ին կետով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել նաև ենթաօրենսդրական կարգավորումները գործող օրենսդրական ձևակերպումներին և իրավակազմակերպական կառուցվածքին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 874-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ՝ այն գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, մասնավորապես՝ Որոշման հավելվածի 1-ին բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողներ բառերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներ բառերով փոխարինելու, «Զինվորական պաշտոնների խմբերը` ըստ խմբային համարակալման և զինվորական կոչումների» սյունակում 3/4, 3/6 և 5/2 վարձատրության խմբերում առկա կրտսեր խմբի պաշտոնների զինծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կառուցվածքում սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Որոշման հավելվածում առկա համարակալման տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով։
Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը․
Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել գործող օրենսդրությանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման N 2 հավելվածի 8-րդ ուղղության 1․1-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» կետից։
Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը գործող օրենսդրությանը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։