Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով վերաքննիչ «դատավարությունը»․ պաշտպանները ներկայացրել են միջնորդություններ

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների և հայ այլ գերեվարված անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստի ընթացքում ելույթներ են ունեցել մեղադրյալների պաշտպանները։ Մասնավորապես, պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի գործերով։

Ընդմիջումից հետո դատարանը հայտարարել է, որ ներկայացված միջնորդությունները «մասնակիորեն բավարարվել են»։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 21-ին։

Բաքվի ռազմական դատարանը նախկինում նրանց մեղավոր էր ճանաչել մի շարք ծանր մեղադրանքներով՝ այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում», «պատերազմական հանցագործություններ» և այլ հոդվածներով՝ նշանակելով երկարաժամկետ պատժաչափեր։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ այդ գործընթացը քաղաքականացված է, իսկ առաջադրված մեղադրանքները՝ շինծու և անհիմն։

Մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից ևս բարձրաձայնվել են մտահոգություններ՝ կապված Բաքվում պահվող հայերի իրավունքների, արդար դատաքննության երաշխիքների և դատավարությունների թափանցիկության հետ։

Բաքվի դատարանում քննվում են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի նախկին պաշտոնյաների և Պաշտպանության բանակի նախկին հրամանատարների վերաբերյալ գործերը։ Հայկական կողմը պնդում է, որ նրանց հետապնդումը իրականացվում է քաղաքական նպատակներով՝ փորձելով նրանց վերագրել մեղադրանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Leave a Comment