«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցին, որտեղ կրկին անդրադարձ է արվել Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությանը, Նավասարդյանը նշեց.
«Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը փորձում է իրեն դրսևորել որպես հետևողական և օրակարգ թելադրող գործիչ։ Եթե մեկ անգամ ասել է, որ սահմանադրությունը պետք է փոխվի, ուրեմն պիտի այդպես էլ լինի, որքան էլ ադրբեջանական հասարակության մեջ և փորձագիտական հանրությունում հասկանում են, որ եթե խոսքը վերաբերում է նրան, որ պետք է երաշխավորվի տարածքային պահանջների բացառումը Հայաստանի կողմից, ապա դրա համար շատ ավելի կայուն երաշխիք կարող է լինել հենց խաղաղության պայմանագիրը, ոչ թե սահմանադրական որևէ փոփոխություն»։
Նավասարդյանի խոսքով՝ երկու կողմերը եթե շահագրգռված են կառուցողական դիվանագիտական գործընթացով, պետք է մտածեն, թե ինչպես փոխարինել այն տեքստը, որ կա խաղաղության համաձայնագրի նախագծում։«Ոչ թե հանել այն արանքից, այլ, որպես միջանկյալ փաստաթուղթ, ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին պայմանագիր, որտեղ կլինի հավատարմության հավաստիացում, որ մենք շարունակում ենք գնալ դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում։ Ցանկալի է, որ լինեն նաև դիվանագիտական հարաբերություններ, և դրա հաստատման համար անհրաժեշտ մի քանի կետով ստորագրվի այդ միջանկյալ փաստաթուղթը, որը հնարավորություն կտա, որ այդ հարաբերությունների կարգավորման և նորմալացման գործընթացը չկանգնի միայն սահմանադրության պատճառով»։
Նավասարդյանի կարծիքով՝ Ադրբեջանին խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղումը չլինի.
«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդությունը՝ այն բոլոր պարտավորությունները, որ իրենց վրա վերցրել են Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի 17 կետում, բավականին դժվար է իրականացնել և ապահովել։ Այնտեղ կա առնվազն 3-4 կետ, որոնց հասնելու համար երկար ժամանակ պետք կլինի։ Դա չպետք է խոչընդոտի հարաբերությունների նորմալացման առաջընթացին։ Ես կարծում եմ՝ մոտակա ժամանակներս այդ ուղղությամբ կլինեն նաև պաշտոնական մակարդակով լուրջ բանակցություններ»։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=qnhU0TiM4Wc
