Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը – armeniatoday.am

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ Թուրքիայի առևտրի նախարարության կարգավորմամբ՝ 3-րդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։

Այս գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։

Տեխնիկական փոփոխությունը կատարվել է մայիսին Թուրքիայի ընդունած որոշմամբ, որով վերացրել էին Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։

Կարգավորմամբ հնարավոր կլինի որպես ապրանքների վերջնական նպատակակետ կամ ելակետ նշել «Հայաստան/Թուրքիա», ինչը նախկինում հնարավոր չէր և պահանջում էր վերաձևակերպումներ երրորդ երկրների միջոցով։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։

Leave a Comment