Տեխասում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել

Տեխասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով նահանգապետ Գրեգ Էբոթին։

Նրա խոսքով՝ զոհերից մեկը մահացել է Քոմֆորթ բնակավայրի շրջանում, իսկ մյուսը՝ Յուվալդեի մերձակայքում։ Նահանգապետը բնակիչներին կոչ է արել խուսափել հեղեղված տարածքներից և վտանգի դեպքում տեղափոխվել բարձրադիր վայրեր։

Էբոթի տվյալներով՝ փրկարարները իրականացրել են ավելի քան 230 փրկարարական գործողություն՝ մարդկանց տարհանելով տներից և ջրի մեջ մնացած ավտոմեքենաներից։ Յուվալդեի ոստիկանությունը նաև կոչ է արել Լեոնա գետի հարևանությամբ բնակվողներին լքել ցածրադիր հատվածները՝ ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգի պատճառով։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Յուվալդեում շաբաթվա սկզբից տեղացել է մոտ 56 սանտիմետր անձրև, իսկ նահանգի որոշ շրջաններում տեղումների քանակը գերազանցել է 61 սանտիմետրը։ Առանձին հատվածներում անձրևի ինտենսիվությունը հասել է ժամում 7,6 սանտիմետրի։

Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 2300 արտակարգ ծառայության աշխատակից, որոնք օգտագործում են ավելի քան 85 նավակ, 21 օդանավ և 200-ից ավելի ամենագնաց մեքենա։

Leave a Comment