Ո՞ր պաշտոնյաներն են ավելի շատ խրախուսվելու․ կառավարությունը գործակիցներ է սահմանել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատվել է նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա պետական մարմիններին հատկացնել շուրջ 5 միլիարդ դրամ (ավելի հստակ՝ 4 մլրդ 961 մլն դրամ)։

Ինչպես են հաշվարկվելու ֆոնդերը, ովքեր կարող են ստանալ խրախուսում, ինչ ժամկետներում է վճարվելու գումարը և ինչ գործակիցներ են կիրառվելու տարբեր պաշտոնների համար։

Խրախուսումները նախատեսվում է վճարել 2026 թվականի երկրորդ կիսամյակում՝ երեք հավասարաչափ վճարումներով՝ հուլիսին, սեպտեմբերին և նոյեմբերին։

Այսինքն՝ եթե նախատեսված ընդհանուր գումարը բաժանվի երեք հավասար մասի, ապա աշխատակիցները այն կստանան երեք փուլով։

Ո՞վ կարող է ստանալ խրախուսում

Որոշման նախագծով սահմանվում է, որ խրախուսում կարող է հատկացվել միայն այն անձանց, ովքեր 2026 թվականի առաջին կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի աշխատել են։

Միաժամանակ մարմինների խրախուսման ֆոնդերը հաշվարկվելու են նույն օրվա դրությամբ փաստացի զբաղեցրած հաստիքների թվով։

Նախագծով տարբեր պաշտոնների համար սահմանվում են խրախուսման տարբեր գործակիցներ։

Կառավարությունը նախատեսում է պետական մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց խրախուսման համար սահմանել տարբեր գործակիցներ՝ կախված զբաղեցրած պաշտոնից և պաշտոնի համադրելիությունից։

Նախագծով ղեկավար պաշտոնները բաժանվում են 4 խմբի։

Առաջին խմբում ընդգրկվում են Կառավարության անդամները, մարմնի ղեկավար կամ պաշտոնային դրույքաչափերի հաշվառմամբ համադրելի պաշտոններ զբաղեցնող անձինք։ Այս խմբի համար նախատեսվում է 2 խրախուսման գործակից։ Համադրելի պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը պետք է լինի 12 և բարձր։

Երկրորդ խմբում ընդգրկվում են մարմնի ղեկավարի տեղակալ, գլխավոր քարտուղար և համադրելի պաշտոններ զբաղեցնող անձինք։ Նրանց համար սահմանվում է 1,6 գործակից՝ 8,5-ից 12 պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի միջակայքում։

Երրորդ խմբում ընդգրկվում են վարչության պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ, մարմնի ղեկավարի խորհրդական և համադրելի պաշտոններ զբաղեցնող անձինք։ Այս խմբի խրախուսման գործակիցը կկազմի 1,2՝ 6,9-ից 8,5 պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի միջակայքում։

Չորրորդ խմբում ընդգրկվում են վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, մարմնի ղեկավարի օգնականները և համադրելի պաշտոններ զբաղեցնող անձինք։ Այս խմբի համար նախատեսվում է 0,9 խրախուսման գործակից՝ 3,21-ից 6,9 պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի միջակայքում։

Միաժամանակ, Կառավարությանը, նախարարություններին ենթակա և համակարգման ներքո գտնվող մարմինների համար, բացառությամբ Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածում ներառված մարմինների, խրախուսման գործակիցները կսահմանվեն երկրորդ խմբից սկսած։

Այս մարմինների համար վերջին պաշտոնային խմբի նկատմամբ նախատեսվում է կիրառել 0,68 գործակից։

Բայց ինչպե՞ս է հաշվարկվելու կոնկրետ գումարը

Նախագծում սահմանվում է պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցը, սակայն աշխատակիցների համար նախատեսվող կոնկրետ գումարը կախված է լինելու նաև մարմնի կատարողականի գնահատականից։

Վարչապետի աշխատակազմի և ենթակա մարմինների դեպքում գնահատման ցուցանիշ է սահմանվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինը։

Կառավարությանը ենթակա որոշ այլ մարմինների համար այդ միջինի 70 տոկոսն է համարվելու գնահատման ցուցանիշ։

Այսինքն՝ նույն պաշտոնը զբաղեցնող երկու անձինք կարող են տարբեր չափով խրախուսվել՝ կախված այն բանից, թե որ պետական մարմնում են աշխատում և ինչ գնահատական է ստացել տվյալ մարմինը։

Հետաքրքիր բացառություն՝ ղեկավարների տեղափոխությունը

Նախագծով նախատեսվում է, որ որոշման ուժի մեջ մտնելու պահին կամ 2026 թվականի երկրորդ կիսամյակում մեկ մարմնի ղեկավար պաշտոնից մեկ այլ մարմնի ղեկավար պաշտոնի տեղափոխված անձինք կարող են խրախուսվել այն մարմնի միջոցներից, որտեղ նրանք աշխատում են։

Այս դրույթը ևս հարցեր է առաջացնում․ օրինակ՝ եթե պաշտոնյան տարվա ընթացքում տեղափոխվել է մեկ մարմնից մյուսը, ո՞ր մարմնի կատարողականի արդյունքն է հիմք հանդիսանալու նրա խրախուսման համար։

Խրախուսումը կարող է վճարվել նաև աշխատանքից հեռանալու դեպքում

Եթե անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվում են որոշման ուժի մեջ մտնելուց հետո, և նա չի վերանշանակվում կամ տեղափոխվում, ապա չվճարված խրախուսման մասը նրան վճարվելու է միանվագ՝ վերջնահաշվարկի հետ միասին։

Այսինքն՝ աշխատակիցը չի կորցնի իրեն հասանելիք չվճարված խրախուսման գումարը միայն այն պատճառով, որ տարվա ընթացքում դադարեցրել է աշխատանքային հարաբերությունները։

Leave a Comment