Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի նիստում հաստատվել է նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա պետական մարմիններին հատկացնել շուրջ 5 միլիարդ դրամ (ավելի հստակ՝ 4 մլրդ 961 մլն դրամ)։
Բայց ինչի՞ համար է հատկացվելու այդ գումարը, ո՞վ է որոշելու՝ որ պետական մարմինն ինչքան գումար կստանա, և արդյո՞ք քաղաքացիները կկարողանան հասկանալ՝ ինչ արդյունքի համար է պետական աշխատակիցը խրախուսվել։
Ի՞նչ է առաջարկվում
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կառավարությունը ցանկանում է ապահովել 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված N 1712-Լ որոշման իրականացումը։ Այդ որոշմամբ նախատեսվել է պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում փորձարկել կատարողականի գնահատման հիման վրա խրախուսման նոր համակարգ։
Այսինքն՝ պետական մարմինների աշխատանքը պետք է գնահատվի որոշակի չափորոշիչներով, իսկ գնահատման արդյունքները պետք է հիմք դառնան աշխատակիցների խրախուսման համար։
Ըստ նախագծի՝ պետական կառավարման մարմիններն արդեն գնահատվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։ Այժմ առաջարկվում է այդ գնահատման հիման վրա հաշվարկել խրախուսման ֆոնդի չափը և գումար հատկացնել առանձին պետական մարմինների աշխատակիցներին խրախուսելու նպատակով։
Որտեղի՞ց է տրամադրվելու գումարը
Նախագծով առաջարկվում է շուրջ 5 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Այսինքն՝ պետական բյուջեում նախատեսված ծախսերի վերաբաշխման միջոցով ֆինանսական միջոցներ կուղղվեն այն պետական մարմիններին, որոնք ընդգրկված են կատարողականի գնահատման և խրախուսման պիլոտային համակարգում։
Այստեղ առաջանում է կարևոր հարց՝ ինչպե՞ս է հաշվարկվելու յուրաքանչյուր պետական մարմնին հատկացվող գումարը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ խրախուսման ֆոնդի չափը հաշվարկվելու է N 1712-Լ որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա։ Սակայն հանրային իրազեկման տեսանկյունից կարևոր է հասկանալ՝
- ո՞ր կոնկրետ ցուցանիշներով է գնահատվել յուրաքանչյուր մարմին,
- ինչպիսի՞ կշիռ ունի յուրաքանչյուր ցուցանիշ,
- ո՞ր մարմիններն են ստացել առավել բարձր գնահատական,
- և ինչպե՞ս է այդ գնահատականը վերածվելու կոնկրետ գումարի։
Ո՞վ է ստանալու խրախուսումը
Նախագծի հիմնավորման մեջ խոսվում է պետական մարմիններին գումար հատկացնելու մասին՝ աշխատակիցների խրախուսման նպատակով։
Ինչպե՞ս է բաշխվել գումարը
- Հանրապետության նախագահի աշխատակազմ – 66 մլն 463 հազար 900 դրամ,
- ՀՀ Ազգային ժողով – 697 մլն 739 հազար 700 դրամ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմ – 688 մլն 105 հազար դրամ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն – 774 մլն 909 հազար 400 դրամ,
- ՀՀ առողջապահության նախարարություն – 117 մլն 361 հազար 300 դրամ,
- ՀՀ արդարադատության նախարարություն – 298 մլն 545 հազար 400 դրամ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – 216 մլն 681 հազար 300 դրամ,
- ՀՀ արտաքին գործերի նախարարություն – 180 մլն 996 հազար 600 դրամ,
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն – 153 մլն 18 հազար դրամ,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – 252 մլն 46 հազար 500 դրամ,
- ՀՀ պաշտպանության նախարարություն – 294 մլն 483 հազար 100 դրամ,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 204 մլն 364 հազար 500 դրամ,
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն – 102 մլն 431 հազար 200 դրամ,
- ՀՀ ֆինանսների նախարարություն (խրախուսման մաս) – 118 մլն 38 հազար 700 դրամ,
- ՀՀ ներքին գործերի նախարարություն – 266 մլն 635 հազար 300 դրամ,
- ՀՀ վիճակագրական կոմիտե – 56 մլն 995 հազար 400 դրամ,
- ՀՀ կադաստրի կոմիտե – 100 մլն 704 հազար 400 դրամ,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե – 51 մլն 642 հազար 500 դրամ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայություն – 48 մլն 448 հազար 500 դրամ,
- ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե – 21 մլն 827 հազար դրամ,
- ՀՀ պետական պահպանության ծառայություն – 31 մլն 600 հազար 800 դրամ,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտե – 76 մլն 605 հազար 100 դրամ,
- ՀՀ պետական վերահսկողական ծառայություն – 71 մլն 189 հազար 700 դրամ,
- ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն – 70 մլն 891 հազար 700 դրամ։
Թագուհի Մանուկյան