Ինչպե՞ս է գործելու հայ-ամերիկյան TRIPP նախագիծը. Կառավարության որոշման մանրամասները

ՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Սրանով պաշտոնապես մեկնարկում է փաստաթղթի վավերացման ներպետական գործընթացը։

«Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ»,- կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«TRIPP զարգացման ընկերությունը» նշված գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք նախնական 49 տարի ժամկետով, որի ընթացքում բաժնեմասերը կբաշխվեն 74 տոկոս՝ ԱՄՆ-ին, և 26 տոկոս՝ Հայաստանին հարաբերակցությամբ։ Այս ժամկետը լրանալուց հետո, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, պայմանագիրը հնարավոր է երկարաձգել ևս 50 տարով, ինչի արդյունքում Հայաստանի բաժնեմասը ընկերությունում կավելանա՝ հասնելով 49 տոկոսի։

Այս ամենով հանդերձ, Հայաստանի Հանրապետությունը լիովին պահպանում է իր ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և երկրի տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։

Համաձայն ներպետական օրենսդրության և միջազգային համաձայնագրերի՝ Հայաստանը շարունակելու է բացառիկ պատասխանատվություն կրել անվտանգության ու իրավապահ գործունեության, սահմանային վերահսկողության ու սահմանային անվտանգության, մաքսային և միգրացիոն վերահսկողության համար։ Պետության իրավասության ներքո են մնում նաև հարկերի ու տուրքերի փոխանցումը պետբյուջե, պետական տեղեկատվական համակարգերի գործարկումը, ինչպես նաև պետական վարչական գործառույթներն ու ընդհանուր վերահսկողությունը։

Leave a Comment