ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը խոստովանել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը չի կարող լուծվել միայն ուժով։ Վենսը ընդգծել է «բոլոր հասանելի գործիքներն օգտագործելու» անհրաժեշտությունը։
«Ռազմական ուժը մեկ գործիք է, իսկ դիվանագիտությունը՝ մեկ այլ։ Ես հիասթափված եմ ամերիկացիներից և այլ երկրների մարդկանցից, ովքեր ասում են. «Դուք չեք կարող բանակցել իրանցիների հետ»։ Այսպիսով, ի՞նչ եք առաջարկում՝ որ մարդիկ դադարե՞ն կրակել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա», – ասել է Վենսը ամերիկացի կատակերգու և հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի փոդքասթի ժամանակ։
«Մենք կարող ենք հարվածել նրանց, կարող ենք ոչնչացնել նրանց ռադարները, կարող ենք խփել նրանց որոշ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Բայց նավերին հարվածելը չափազանց հեշտ է, ուստի, մենք պետք է իրականում պատրաստակամություն հայտնենք երկխոսության մեջ մտնելու և խնդիրը լուծելու համար», – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։