ԱՄՆ-ն Իրան ուղևորվող տանկեր է խոցել

ԱՄՆ-ն դեպի իրանական նավահանգիստ ուղևորվող դատարկ նավթատար է խոցել, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ զինվորական կառույցի՝ Կյուրասաոյի դրոշի ներքո նավարկող «Belma» տանկերը միջազգային ջրերով շարժվում էր Իրանի Խարգ կղզու ուղղությամբ։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության առանցքային թեմաներից մեկը Հորմուզի նեղուցն է, որով մինչև պատերազմն անցնում էր աշխարհում սպառվող նավթի և բնական գազի շուրջ 20 տոկոսը։

Փոխադարձ հարվածների հինգերորդ գիշերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով՝ իրանական նավահանգիստների շրջափակումը վերականգնելուց հետո Միացյալ Նահանգները հինգերորդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանի առափնյա ռազմական օբյեկտներին և հրթիռային կայանքներին, հայտնում է Reuters-ը՝ հաղորդելով նաև ԱՄՆ դաշնակիցներին հասցված իրանական հարվածների մասին։

«ԱՄՆ ուժերը հարվածել են իրանական հրամանատարական շտաբերին, հակաօդային պաշտպանության կայանքներին, հրթիռային և դրոնային կարողություններին, ինչպես նաև առափնյա հսկողության օբյեկտներին», – հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից՝ նշելով, որ հարձակման այս փուլն ամփոփվել է։

Իրանական պետական ԶԼՄ-ները հաղորդել են նավահանգստային Բանդար Աբբաս և Չաբահար քաղաքներում, ինչպես նաև Իրաքի սահմանին մոտ Ահվազ քաղաքում պայթյունների մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ տարածաշրջանի ամերիկյան օբյեկտներին է հարվածել՝ մանրամասնելով, որ Քուվեյթի «Ալի Ալ Սալեմ» ավիաբազայում ամերիկացի զինծառայողների է թիրախավորել։ Պենտագոնից արձագանք այս մասով դեռ չկա։

Պարսից ծոցում Վաշինգտոնի դաշնակից Քուվեյթը տեղեկացրել է, որ իր զինուժը Իրանից արձակված չորս հրթիռ և 21 անօդաչու է որսացել։

Իրանի բանակի թիրախում նաև հորդանանյան «Ազրաք» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան հաղորդակցական համակարգեր և վառելիքի պահեստներ են եղել։

Հորդանանի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրի բանակն ութ իրանական հրթիռ է վնասազերծել։

Թրամփի համոզմամբ՝ Իրանը «շուտով կպարտվի»

Նախագահ Թրամփը Փենսիլվանիայում հայտարարել է, թե Իրանը «շուտով կպարտվի»։

«Կպարզենք՝ ուզում ենք կարգավորմա՞ն գնալ նրանց հետ, թե՞ պարզապես ավարտին հասցնել գործը», – նշել է Թրամփը՝ ամերիկյան սպառազինություն արտադրող ընկերություններին հորդորելով արագացնել արտադրության տեմպերը։

Ղալիբաֆը «գոյութենական պատերազմի» մասին է խոսել

Ամերիկացիների հետ բանակցություններում Թեհրանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, թե Իրանի անվտանգությունը Հորմուզի նեղուցում «իրանական կարգավորումների» պահպանումից է կախված։

«Կարևոր և գոյութենական պատերազմի մեջ ենք Ամերիկայի հետ», – ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման նոր փուլը սկսվեց հուլիսի 7-ին, երբ Վաշինգտոնը վերսկսեց հարվածները՝ Թեհրանին մեղադրելով Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների համար։ Իրանի պատասխան հարվածների թիրախում էլ հայտնվեցին Պարսից ծոցի՝ ԱՄՆ-ի դաշնակից երկրները։

ԱՄՆ-Իրան պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար պետք է անցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Թեհրանը պնդում է, որ մատուցված ծառայությունների դիմաց իրավունք ունի վճարներ գանձել ջրային ուղուց օգտվող նավերից, մինչդեռ Վաշինգտոնից հակադարձում են՝ Թեհրանը դա չի կարող անել։

Leave a Comment