ԿԳՄՍ-ն առաջարկում է ընդլայնել ուսուցիչների լրավճարի շահառուների շրջանակը

Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոխել բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ առարկաներ դասավանդող մանկավարժներին լրավճար տրամադրելու կարգը։ Նախագծով նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը՝ լրավճարի իրավունք վերապահելով նաև ուսուցիչ չհամարվող մի շարք մանկավարժական աշխատողների, որոնք դասավանդում են նշված ոլորտների առարկաները։

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։

Նշված կարգավորումը գործնականում առաջացնում է իրավական և բովանդակային խնդիրներ այն դեպքերում, երբ ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողը տվյալ հաստատությունում, իր հիմնական հաստիքին զուգահեռ, իրականացնում է բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ առարկաների դասավանդում։

Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ մանկավարժական աշխատողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են բնագիտական և տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը հանգեցնում է իրավական անհավասարության և խաթարում է լրավճարի խրախուսական նպատակը։

Սույն նախագծով առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար։

Հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչական աշխատող են համարվում տնօրենի, տնօրենի տեղակալի, վարչատնտեսական համակարգողի, կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, ինչպես նաև մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի հաստիքները։

Որոշման նախորդ փոփոխության շրջանակներում առաջացել է տարընկալում և լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն, ինչը սահմանված ծրագրի շահառու հանդիսացող մանկավարժական աշխատակիցների համար ունեցել է ֆինանսական հետևանքներ, ինչպես նաև նախորդ կարգավորման համեմատ վատթարացնող բնույթ է ունեցել: Հետևաբար նպատակահարմար կլիներ հետադարձ ուժը կիրառել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, ինչը տեխնիկապես հնարավոր չէ կիրառել՝ ելնելով դպրոցների ֆինանսավորման գործընթացի առանձնահատկություններով և ժամկետներով, որով պայմանավորված որոշմամբ նախատեսվում է հետին ուժ տալ 2026 թ հունվարի 1-ից: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ շարունակվում են պետության կողմից հանրակրթական դպրոցներին լաբորատորիաներ հատկացնելու գործընթացները, կրթության բովանդակության ուղղությամբ բարեփոխումները, ինչը ենթադրում է նոր հաստիքների (օրինակ լաբորանտների) ձևավորում, և սույն որոշմամբ ապահովվում է դպրոցներին համապատասխան մասնագիտական ռեսուրսներ ունենալու հնարավորությունը: Հետադարձ ուժի չկիրառման դեպքում այն մասնագետները, որոնք ուսուցիչ լինելուց բացի այլ մանկավարժական աշխատանք են իրականացրել դպրոցում, կարող են հայտնվել ավելի նվազ վարձատրության վիճակում, քան նույն չափով միայն ուսուցչական ծանրաբեռնվածություն ունեցող այլ ուսուցիչները:

Գործող կարգավորմամբ լրավճարի տրամադրումը նախատեսված է որոշակի առարկաների կոնկրետ ցանկի հիման վրա։ Նման մոտեցումը պարունակում է մի շարք սահմանափակումներ՝ պայմանավորված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի շարունակական արդիականացմամբ։

Առարկաների անվանումների փոփոխությունը կամ նոր առարկաների ներդրումը կարող են հանգեցնել նրան, որ ֆիքսված ցանկի վրա հիմնված կարգավորումը կորցնի իր արդիականությունը և պահանջի հաճախակի փոփոխություններ նորմատիվ իրավական ակտում։ Բացի այդ, առարկայի անվանումը միշտ չէ, որ լիարժեք արտացոլում է դրա բովանդակային և ոլորտային պատկանելությունը։

Սույն փոփոխությամբ առաջարկվում է լրավճարի տրամադրման հիմքը սահմանել ոչ թե առարկայի անվանման, այլ՝ բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ գործող, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից նշված ոլորտների առարկաներ երաշխավորված ծրագրերով դասավանդվող առարկաների վրա հիմնված՝ տվյալ առարկայի ոլորտային պատկանելությամբ։

Միաժամանակ նախատեսվում է, որ համապատասխան առարկայական ծրագրերում պարտադիր ամրագրվի տվյալ առարկայի ոլորտային պատկանելությունը, ինչը կապահովի լրավճարի տրամադրման իրավական հիմքի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և միատեսակ կիրառումը։

Ժամանակակից աշխարհում գիտատեխնիկական առաջընթացը, թվայնացումը և նորարարական կարողությունների զարգացումը հանդիսանում են պետության մրցունակության առանցքային գործոններ։ Բնագիտական և տեխնոլոգիական կրթության խրախուսումը միտված է սովորողների վերլուծական մտածողության, հետազոտական հմտությունների, ինժեներական և թվային գրագիտության ձևավորմանը։

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ստեղծել խրախուսական մեխանիզմ, որը կնպաստի նշված ոլորտներում որակյալ մասնագետների ներգրավմանը և պահպանմանը, կրթության բովանդակության արդիականացմանը և Հայաստանի Հանրապետության տեխնոլոգիական ու գիտական զարգացման ռազմավարական նպատակների իրականացմանը։

Առաջարկվող փոփոխությունը միտված է նաև բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ առարկաներ դասավանդող ուսուցիչների խրախուսման մեխանիզմների կատարելագործմանը, պետական աջակցության նպատակային և հասցեական կիրառմանը, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորման կայունության և երկարաժամկետ կիրառելիության ապահովմանը։

Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի՝ նշված անձինք պետք է բավարարեն ուսուցչի որակավորման պահանջներին, և քանի որ նշված անձինք հանդիսանում են նաև ուսուցիչներ ովքեր զուգահեռաբար իրականացնում են այլ մանկավարժական աշխատանք դպրոցներում, հետևաբար իրենց դասավանդման որակի վերահսկման հետագծելիությունը հնարավոր է լինելու ապահովել՝ փակելով նշված շահառուների որակավորման և դասավանդման որակի ապահովման հետ կապված հարցերը:

Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է հստակեցնել սույն միջոցառման շրջանակում ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

Համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների, ներկայացված նախագծով շահառուների թիվը կավելանա 1129-ով (թվով 694 լաբորանտ, թվով 269 էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ, թվով 73 գրադարանավար, թվով 80 դաստիարակ, դասղեկ, զինղեկ, խմբակավար և այլն և թվով 13 հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ և այլն): Նախնական գնահատականով վերոնշյալ շահառուների համար լրավճարի տարեկան գումարը կկազմի 278,6 միլիոն դրամ:

ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով միջոցառման համար նախատեսված գումարը կազմում է 2138,7 մլն դրամ (շահառուների թիվը 8881 անձ): Համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների, ներկայիս շահառուների թիվը կազմում է 8300 անձ, որոնց համար լրավճարի ընդհանուր գումարը 1902,8 միլիոն դրամ: Այսինքն վերոնշալ ցուցանիշների պահպանման դեմքում տարեկան կտրվածքով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 42,6 միլիոն դրամ (բյուջեով նախատեսված շահառուների թիվը կավելանա 548-ով՝ կազմելով 9429):

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Միջոցառման պարտավորությունը սահմանող օրենսդրական հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի  1-ին, 2-րդ, 3-րդ պարբերությունները, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշումը:

    Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:

  Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 24-րդ, 43-րդ և 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման, Գործողությունների ծրագրի 1․2․4․ միջոցառման՝ Գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելյալ խրախուսման մեխանիզմների ներդրում» միջոցառման կատարման պահանջից:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

   Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Leave a Comment