Հուլիսի 14-ին Երևանի քրեական դատարան գործ է մուտքագրվել այն մասին, որ Հ․Ս․-ն, առանց ուսման հաճախելու և ավարտական քննություններին մասնակցելու, վճարի դիմաց ձեռք է բերել համալսարանի կողմից տրամադրված կեղծ դիպլոմ և այն ներկայացրել է իր աշխատանքի վայր՝ ՀՀ ՊՆ զորամաս։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Հ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ավետիք Մկրտչյանի» անվան տնտեսաիրավագիտական համալսարանի հաշվապահ Հ․Տ․-Ս․-ից համալսարանի վարձը վճարելու դիմաց, առանց ուսման հաճախելու և ավարտական քննություններին մասնակցելու, ձեռք է բերել նույն համալսարանի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին «ֆինանսներ» մասնագիտությամբ շնորհված, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող թիվ AB X կեղծ դիպլոմը, որը 2023 թվականին օգտագործել է իր աշխատանքի վայր՝ ՀՀ ՊՆ զորամաս ներկայացնելու եղանակով։
Հ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։