Iravaban.net-ը ուսումնասիրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է փոխել անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների, արգելանքների և հասցեների գրանցման գործող համակարգը։ Նախագծերով նախատեսվում է, որ համապատասխան տվյալները պետական համակարգերում անմիջապես կմուտքագրեն այն մարմինները, որոնք իրավասու են կայացնելու այդ որոշումները։
Օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» և «Կատարողական վարույթի մասին» օրենքներում։
Նախագծի նպատակը անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների կիրառման գործընթացը արագացնելն է և վերացնել այն փուլերը, որոնց պատճառով որոշման ընդունման և պետական գրանցման միջև կարող է առաջանալ ժամանակային տարբերություն։
Գործող համակարգի խնդիրը
Ներկայում անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կարող են կիրառվել դատարանների, նախաքննության մարմինների, հարկադիր կատարողների և այլ իրավասու պետական մարմինների որոշումներով։ Սակայն սահմանափակման կիրառումը և դրա վերաբերյալ տվյալների պետական ռեգիստրում արտացոլումը իրականացվում են տարբեր փուլերով։ Իրավասու մարմինը կայացնում է որոշումը, այնուհետև փաստաթուղթը ներկայացվում է Կադաստրի կոմիտե, որն իրականացնում է համապատասխան գրանցումը։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այս ընթացակարգը կարող է հատկապես խնդիրներ առաջացնել արգելանքների դեպքում, քանի որ դրանց նպատակը գույքի օտարումը կամ իրավական վիճակի փոփոխությունը անհապաղ կանխելն է։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև դրանց փոփոխումը կամ դադարումը, էլեկտրոնային եղանակով կարտացոլվեն անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական շտեմարանում հենց սահմանափակում կիրառող մարմնի կողմից։ Այսպիսով՝ որոշման ընդունումը և դրա գրանցումը կդառնան մեկ միասնական գործընթաց՝ առանց փաստաթղթերի լրացուցիչ շրջանառության։ Կադաստրի կոմիտեն այլևս չի իրականացնի մեկ այլ մարմնի որոշման հիման վրա առանձին գրանցման գործընթաց, քանի որ տվյալների մուտքագրման պատասխանատվությունը կկրի այն մարմինը, որն ընդունել է համապատասխան որոշումը։
Փոփոխություններ՝ դատական և կատարողական վարույթներում
Նոր կարգավորումները տարածվելու են նաև դատարանների, քննության մարմինների, սնանկության գործընթացների և հարկադիր կատարման շրջանակում կիրառվող սահմանափակումների վրա։ Դատարանի կողմից անշարժ գույքի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը, քննիչի կողմից կիրառվող համապատասխան սահմանափակումը կամ հարկադիր կատարողի որոշումը նախատեսվում է անմիջապես մուտքագրել պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ։ Նույն սկզբունքը կիրառվելու է նաև սահմանափակումների վերացման դեպքում։
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է փոփոխել նաև անշարժ գույքի հասցեների ձևավորման և գրանցման մեխանիզմը։ Գործող կարգով համայնքը տրամադրում է հասցեն, սակայն դրա վերաբերյալ տվյալների գրանցումն իրականացնում է Կադաստրի կոմիտեն։
Նոր մոտեցմամբ համայնքի ղեկավարի կողմից հասցե տրամադրելու մասին որոշումից հետո տվյալը պետք է անմիջապես մուտքագրվի համապատասխան էլեկտրոնային համակարգ։ Այսպիսով՝ հասցեի տրամադրումը և դրա պետական տեղեկատվական համակարգերում արտացոլումը կիրականացվեն նույն գործընթացի շրջանակում։
Ակնկալվող արդյունքները
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է կրճատել պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը, բարձրացնել գործընթացների արագությունն ու հետագծելիությունը և հստակեցնել պատասխանատվությունը։
Նոր համակարգի տրամաբանության համաձայն տվյալը ստեղծող և որոշում ընդունող մարմինը պետք է նաև ապահովի դրա ճիշտ և ժամանակին արտացոլումը պետական տեղեկատվական համակարգերում։ Փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջի, քանի որ նախատեսվում է օգտագործել արդեն գործող էլեկտրոնային համակարգերը՝ փոխելով դրանց կիրառման իրավական կարգավորումները։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։