Անգլիական մամուլը կասկածի տակ է դրել Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչի մրցավարի նշանակումը

Աշխարհի առաջնության Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակչից առաջ բրիտանական մամուլը լայնորեն քննարկում է հանդիպման գլխավոր մրցավար, ամերիկացի Իսմայիլ Էլֆաթի նշանակումը՝ այն կապելով Լիոնել Մեսսիի հետ։

Daily Mail-ը գրել է, որ «Մեսսին ստացել է իր նախընտրած մրցավարին», իսկ The Sun-ը հիշեցրել է, որ Էլֆաթը մասնակցել է նաև Արգենտինայի՝ 2022 թվականի աշխարհի առաջնության հաղթական եզրափակչին՝ որպես չորրորդ մրցավար։

Անգլիական մամուլը նշում է, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում Էլֆաթի մրցավարությամբ անցկացրած բոլոր չորս հանդիպումներում հաղթել է՝ խփելով հինգ գոլ, ինչը նոր քննարկումների առիթ է տվել սոցիալական ցանցերում։ Միաժամանակ ուշադրություն է հրավիրվել նաև մրցավարի խիստ ոճին․ 2026 թվականի աշխարհի առաջնության արդեն անցկացրած երեք խաղերում նա ցույց է տվել ութ դեղին և մեկ կարմիր քարտ, ինչի պատճառով անգլիական մամուլը զգուշացնում է Թոմաս Տուխելի թիմին հնարավոր խիստ մրցավարության մասին։

Անգլիական լրատվամիջոցները կանխատեսում են, որ պարտվող կողմը, հավանաբար, դժգոհելու է մրցավարությունից։

Leave a Comment